Առարկայով չհետաքրքրվող ուսանողն այսօր ոլորտի առաջատար մասնագետներից է

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյանն առցանց  հարթակով դասընթաց անցկացնելն անշրջելի գործընթաց է համարում՝ հաշվի առնելով ժամանակի հրամայականը: «Փորձում ենք հեռավար կրթության ընձեռած հնարավորություններով դասընթացն հնարավորինս հետաքրքիր եւ նպատակային դարձնել», – ասում է պարոն Հովհաննիսյանը: Որպես ասվածի ապացույց, նա բերում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական կազմակերպության համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանի հետ համատեղ կազմակերպած առցանց «դասընթաց-մտքերի փոխանակում» ձեւաչափով քննարկումը:

«Բնօգտագործման էկոնոմիկա» դասընթացի շրջանակում անցկացվող քննարկման թեմաններն էին՝ «Գյուղատնտեսական թափոնների կառավարում՝ միջազգային հաջողված փորձը եւ ՀՀ-ում կիրառման հնարավորությունները», «Կենցաղային թափոնների կայուն կառավարում», «Շրջանաձեւ տնտեսություն» եւ «Էկոլոգիական ոտնահետք»: Քննարկումը նախատեսված էր Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի «Ապրանքագիտություն եւ ապրանքի որակի փորձաքննություն» եւ «Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն եւ տեղեկատվություն» մասնագիտությունների երրորդ կուրսի ուսանողների համար:

Բանախոսը ներկայացրեց առարկայի առավելությունները, ինչպես նաեւ այս ոլորտում առկա թափուր աշխատատեղերի քանակը, իրենց կազմակերպության գործունեությունը՝ նշված թեմաների համատեքստում: Հետաքրքրական է, որ պարոն Ավետիսյանը, վերհիշելով ՀԱԱՀ-ում իր ուսումնառության տարիները, նշեց, որ ժամանակին ինքը հետաքրքրություն չի ցուցաբերել առարկայի նկատմամբ․ սակայն դա ամենեւին չի խանգարել իրեն հետագայում դառնալ երկրում մի շարք բնապահպանական միջոցառումներ եւ ծրագրեր իրականացնող առաջամարտիկներից մեկը:

Մխիթար Ավետիսյանը տպավորված էր արդիական թեմաների  վերաբերյալ ուսանողների տեղեկացվածությամբ եւ հետաքրքրվածությամբ։ Պատահական չէր, որ առաջարկեց համագործակցություն բնապահպանական միջոցառումների կամ ծրագրերի իրականացման ուղղությամբ: