Մեկ շաբաթ առաջ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Գյուղատնտեսական մեքենաշինության եւ տեխնիկական շահագործման ամբիոնի վարիչ, տեխ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարգարյանը այցելել էին ZEPPELIN CAT ընկերություն, որտեղ, հաճույքով պետք է ընդգծենք, որ աշխատակիցների շարքերում շատ կան մեր համալսարանի շրջանավարտներից:
– Շատ հետաքրքիր էր: Իրոք ձեռնարկություն է, որ ճիշտ կազմակերպվել ու ճիշտ աշխատում է, անթերի մաքրությամբ, ոչ մի մանրուք աչքաթող արված չէ: Երկար զրուցեցինք, մի քանի առաջարկ եղավ եւ տնօրենին խնդրեցինք փորձուսուցումն այնտեղ կազմակերպելու հնարավորություն ընձեռել: Մեր ուսանողներն այնտեղ վճարովի փորձուսուցում, այլ խոսքով՝ աշխատանքային կիսամյակ կանցկացնեն: Այդ համակազմից հետագայում ընկերությունում կընտրեն իրենց երիտասարդ աշխատակիցներին,- ասում է ամբիոնի վարիչն ու շարունակում,- Ընկերությունն ախտորոշման վահանակներ ունի, որոնք հավանաբար կտեղակայվեն մեր համալսարանում՝ կօգտագործվեն լսարանային տարածքները, իսկ մեր ուսանողներն էլ լավ կսովորեն:
Արդեն այսօր՝ հունիսի 30-ին, պարոն Մարգարյանը ԳՄ ՄՍ-4 կուրսի լավագույն ուսանողներին ճանաչողական այցի է տարել ZEPPELIN CAT: Մեր ուսանողները հաճույքով ուսումնասիրել են միջավայրը, եւ եկել են մեկ՝ ընդհանուր եզրակացության.
– Ուզում ենք այստեղ աշխատել…
– Դուք ամեն օր պետք է սովորեք,- ասել են ընկերության աշխատակիցները՝ ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ ճարտարագիտական ոլորտը ողջ աշխարհում զարգանում է աննախադեպ արագությամբ:
Հ.Գ. Իսկապես, ուսանողները անդադար պետք է սովորեն, իսկ դասախոսներն էլ անդադար պետք է աշխատեն երիտասարդների հետ: Արմեն Մարգարյանը առաջնորդվում է այս պարզ ճշմարտությամբ: Դրա վկայությունն է այն, որ երեկ էլ ուսանողները տրակտոր վարելու հմտություններն են կատարելագործել Բալահովտի ՈՒՓՏ-ում: