Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժինը՝ կ.գ.դ., պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանի ղեկավարությամբ, ՀԱԱՀ ամենագործուն, արտասահմանյան աշխույժ գործընկերային կապեր ունեցող ստորաբաժանումներից է, որտեղ ուսումնասիրություններ են իրականացվում մի քանի փոխկապակցված ուղղություններով: Այդ ծրագրերի՝ երկրի համար ռազմավարական նշանակությունը դժվար է գերագնահատել: Դրանք անվտանգ սննդի եւ պարենային անվտանգության անկյունաքարեր են: 2020 թվականը, չնայած համաշխարհային բարդ գործընթացներին, ոչ պակաս արդյունավետ էր: Այսպես.
«Ֆերմայից մինչեւ պատառաքաղ» ծրագրի շրջանակում տեւական, մանրակրկիտ հետազոտությունների շնորհիվ բաժինն առաջարկել է գենետիկորեն ձեւափոխված մշակաբույսերի ռիսկերի գնահատման նոր չափանիշ: Մեր գիտնականները ցույց են տվել, որ միայն բույսի միկրոբիոտիկայի անփոփոխ մնալը կարող է երաշխիք հանդիսանալ ԳՁ մշակաբույսի անվտանգության համար:
Հաջորդ ուղղությունը՝ «Անվտանգ արոտավայրեր»: Ստեղծվել է ՀՀ-ում կենդանիների շրջանում 1950-2020 թվականներին արձանագրված սիբիրախտի եւ տուլարեմիայի դեպքերի աշխարհագրական, բնապահպանական, մակաբուծաբանական, համաճարակաբանական տվյալների հիմնապաշար:
«Անվտանգ տեխնոլոգիա»՝ առաջարկվել է սննդամթերքի փաթեթավորման միանգամայն նոր մոտեցում, այն է՝ պրոբիոտիկների եւ էլեկտրոնային փնջի համատեղ օգտագործման միջոցով:
Եւ, վերջապես, պրոբիոտիկային հիմքի վրա մշակվել է ձկան կերի պատրաստման նոր տեխնոլոգիա: