Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը մասնակցել են հունիսի 10-11-ը Աղվերանում տեղի ունեցած «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այն ի մի էր բերել ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի, ՌԶԳ-ի, ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների, գործատուների պատասխանատուների եւ ներկայացուցիչներին՝ HEKS/EPER-ի ներկայացուցչի, Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC), համագործակցող միջազգային կառույցների այլ ներկայացուցիչների հեռավար մասնակցությամբ։
ԿԳՄՍ նախարարության հետ գործակցության շրջանակում Ծրագիրն իրականացրել են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն եւ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային եւ պարենային գիտությունների դպրոցը (HAFL)՝ Շվեյցարիայի եկեղեցու օգնություն կազմակերպության (HEKS/EPER) ֆինանսական աջակցությամբ։
Որպես ծրագրի արդյունք՝ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրվել են «Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա» եւ «Անասնապահություն» մասնագիտությունները։ Հնգամյա ծրագրի իրագործման շնորհիվ գյուղատնտեսության ոլորտի վերոնշյալ երկու մասնագիտությունների համար մշակվել եւ ներդրվել են կրթական նոր չափորոշիչներ ու մոդուլներ, մշակվել եւ տպագրվել են ուսումնական ձեռնարկներ, կազմակերպվել են դասավանդող մասնագետների վերապատրաստումներ, ուսումնական հաստատությունները համալրվել են տեխնիկապես հագեցած ուսումնական լաբորատորիաներով, ընդլայնվել է գործատու-ՄԿՈՒ հաստատություններ համագործակցությունը՝ տարբեր մասնավոր տնտեսավարողների հետ գործնական կապերի հաստատմամբ։
Կարեւոր համարելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի համար գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։ Տիկին Անդրեասյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում մշակված կրթական չափորոշիչների, մոդուլների եւ ձեռնարկների՝ առհասարակ ՄԿՈՒ համակարգում տարածելու ներուժը։
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը առանձնակի կարեւորություն է տվել տարածքային համաչափ զարգացմանը, հեռավոր մարզերի զարգացման ծրագրերի վրա ուշադրության կենտրոնացմանը։
HEKS/EPER-ի եւ SDC-ի ներկայացուցիչները նույնպես բարձր են գնահատել իրականացված ծրագրի արդյունավետությունը, որը կնպաստի առհասարակ ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումների խթանմանը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ձեռք բերված լավագույն փորձը վերարտադրելովՀայաստանի մյուս մարզերում։
ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Նունե Ավետիսյանը ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունների զարգացման՝ ներդրված կրթական ծրագրերի արդյունքներով պայմանավորված փորձը։