Փետրվարի 24-25 -ին ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղում տեղի ունեցավ կենտրոնի գիտաշխատողների հերթական հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի Բիոքիմիական ֆիզիկայի ինսիտուտի Բիոքիմիական ֆիզիկայի և բույսերի մետաբոլիզմի ինժիներիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտ. թեկնածու Յուրի Մարտիրոսյանի և ՌԴ Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԿԳԹ Վալենտինա Մարտիրոսյանի հետ։
Քննարկվեցին համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ընթացիկ արդյունքները։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքից ֆերմեր Սիմոն Ջամալյանը: Պարոն Ջամալյանի ջեմատանն իրականացվել են գիտական փորձարկումներ, այն է՝ լոբու աճեցման ընթացքում չափազանց վտանգավոր վնասատու համարվող նեմատոդների դեմ պայքարում օգտագործվել է կենսաբանական պատրաստուկ (գիշատիչ սնկեր)։
«Փորձարկումների նախնական արդյունքների վերլուծությունը բավականին խոստումնալից է` հետագայում այդ պատրաստուկը զանգվածաբար կիրառելու առումով՝ թե՛ ջերմատան և թե´ դաշտային պայմաններում», – ասում է Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ԿԳԹ Գայանե Մելյանը։
Քննարկվել են նաև վարդ և ստեվիա մշակաբույսերի վրա բնական ծագման ֆիտոխթանիչների կիրառման աշխատակարգերը։ Որոշվել է փորձարկումների արդյունքերը տարածել այլ մշակաբույսերի վրա։ Ընդհանուր առմամբ հետազոտությունների արդյունքները գնահատվել են շատ արդյունավետ։
Առաջիկայում Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը ռուսաստանցի գործընկերների հետ համատեղ ծրագրային առաջարկի հայտ կներկայացնի ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից հայտարարած գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության մրցույթին: