Ագրարայինը կարող է հանդես գալ որպես օրինակելի միջավայր. Արթուր Ալթունյան

ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում մայիսի 19-ից 21-ը անցկացվեց ԵԱՏՄ երկրների երիտասարդ գյուտարարների միջազգային համաժողով, որի ընթացքում Եվրասիական արտոնագրման բաժնի ներկայացուցիչները դասախոսություններ կարդացին գյուտարարության հիմունքների վերաբերյալ, ինչպես նաեւ տեղի ունեցան ԵԱՏՄ երկրների երիտասարդ գյուտարարների համագործակցության հարցերով կլոր սեղան, վարպետաց դասեր ռոբոտոտեխնիկայից, նեյրոտեխնոլոգիաներից եւ VR- տեխնոլոգիաներից, ինչպես նաեւ դասախոսություն մտավոր սեփականության առեւտրայնացման թեմայով։

Հայաստանը համաժողովում ներկայացնում էր Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Ագրարային համալսարանի ներկայացուցիչներ:

ՀԱԱՀ Գյուղմեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության մեքենայացման բաժնի վարիչ Արթուր Ալթունյանի տեղեկացմամբ, համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները շեշտել են այն փաստը, որ իրենց երկրներում պետական մակարդակով, հովանավորությամբ եւ մշակված ծրագրերով նպաստում են նորարարության եւ գյուտարարության զարգացմանը, խթանում ստեղծագործ միտքը, կատարվում են օրենսդրական փոփոխություններ՝ ոլորտին ակտիվություն հաղորդելու համար։ «Այստեղ տեղին է հիշել, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, որի տեխնոլոգիաներն արդեն կիրառվում են մեր առօրյայում,  հեղափոխական կրթություն է պահանջում: Սա նշանակում է ոչ միայն սովորեցնել տեխնոլոգիաներ, այլեւ ստեղծել միջավայր, որը խրախուսում է նորարարական մտածելակերպը»,- ասում է պարոն Ալթունյանը:

Համաժողովի ընթացքում բարձրացվեց բուհական առարկայական ծրագրերում «Մտավոր սեփականություն» առարկայի ընդգրկումը, որը արդյունավետ կամուրջ կարող է լինել տեղական եւ միջազգային ստարտափ ինկուբատորների, նորարարական կենտրոնների հետ արդյունավետ համագործակցության համար:

«Համաժողովը եւս մեկ անգամ խորհել տվեց մեր կազմակերպվածության, առաջնահերթությունների վերաբերյալ։ Քանի որ ներուժ ունենալը, հզոր եւ առողջ սերնդի առկայությունը դեռեւս բավարար չեն, եւ պետք է միջավայր եւ պետական հոգածություն, ջանադիր աշխատանք՝ աճեցնելու եւ կրթելու համար կուռ սերունդ՝ հզոր ու մրցունակ տնտեսությունով Հայրենիք կերտելու համար»։

Նպաստավոր պայմաններում եւ միջավայրում հայազգի գիտնականները, գյուտարարներն ու հետազոտողները բացառիկ եւ օրինակելի արդյունքներ են գրանցում։ Այդպիսի մի պայծառ երիտասարդի՝ Ղազախստանը ներկայացնող Աշոտ Բաբաջանովի մասին է պատմում Արթուր Ալթունյանը: Աշոտը «Հայացք դեպի ապագա» եվրասիական արտոնագրային ունիվերսիադա-2021 հաղթողն է, եւ նրանով անթաքույց հպարտանում էր այդ երկրի պատվիրակության ղեկավարը։ Նրա ներկայացրած թեման՝ «Թրթուրներ, որոնք կարող են կլանել պլաստմասը», շատ հետաքրքիր եւ ակտուալ է, քանի որ վերաբերում է պլաստիկ շշերի վերամշակման շատ յուրատեսակ եղանակին եւ շրջակա միջավայրի էկոլոգիական խնդրին։

«Մեր մտքի ուժը շատ ավելի հզոր է, քան մենք պատկերացնում ենք։ Պարզապես պետք է նպատակային եւ ջանադրաբար աշխատել՝ այդ զենքը հանուն մեր տնտեսության հզորացման ծառայեցնելու համար»,- ասում է պարոն Ալթունյանը:

Նա համոզված է, որ Հայաստանում նորարարության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում արդեն տեսանելի աշխուժությունը լավ նախապայման կարող են լինել ոչ միայն պատվով ներկայանալու, այլեւ որպես նման համաժողովների հյուրընկալող կողմ հանդես գալու համար։ Այս առումով շատ ցանկալի է բուհական գիտական կենտրոնների ակտիվացումը, որը ենթադրում է նորարարական լուծումների միջոցով հետզոտական աշխատանքների կիրառական եւ առեւտրայնացման գործընթացներին նպաստելը։

«Վստահ եմ, որ Ագրարային համալսարանը կարող է հանդես գալ որպես նորարարությունների եւ հետազոտական արդյունքների առեւտրայնացման յուրահատուկ օրինակելի միջավայր, քանի որ ագրարային ոլորտը իր բնույթով եւ ընդգրկուն է եւ կիրառական, եւ գյուղատնտեսությունն արդեն դարձել է տեխնոլոգիական՝ իր կիրառական լուծումների մեջ, իսկ մեր համալսարանն արդեն ապացուցել է, որ ոլորտի ոչ միայն կրթական ու գիտական, այլեւ տեխնոլոգիական առաջատարն է»,- ասում է Արթուր Ալթունյանը։