Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ավարտվեց նոյեմբերի 20-ին մեկնարկած «Սննդամթերքի անվտանգություն, ներմուծվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն եւ կարանտին» սեմինարների շարքը:
Չինաստանի ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության աջակցությամբ եւ ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անմիջական ջանքերով ՀԱԱՀ-ում կազմակերպված սեմինարի փակման խոսքում ՀՀ-ում Չինաստանի դեսպանության անունից ներկաներին ողջունեց եւ շնորհավորեց Դոն Ցզյանհուեյը: Նա շնորհակալություն հայտնեց ՍԱՏՄ-ին եւ ՀԱԱՀ-ին՝ սեմինարի կազմակերպման գործում աջակցության համար եւ հույս հայտնեց, որ ստացած գիտելիքները մասնակիցների համար հիմք կծառայեն երկրների միջեւ գործնական տնտեսական հարաբերությունների եւ բարեկամության հետագա զարգացման համար:
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գագիկ Սարոյանը շնորհակալություն հայտնեց չինական կողմին եւ նշեց, որ ՉԺՀ ներմուծման եւ արտահանման օրենսդրությանն ու ընթացակարգերին տիրապետելը լավ հնարավորություն են հայկական մի շարք գյուղմթերքներ չինական շուկա հանելու համար: 21-օրյա սեմինարի ընթացքում մասնակիցները նաեւ այցելել են ոլորտում տնտեսավարող մի շարք կազմակերպություններ, որտեղ անցկացրած լաբորատոր փորձաքննություններին առնչվող գործնական դասընթացները ամրապնդել են ձեռք բերած տեսական տեղեկությունները։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը սեմինարի ընթացքում ձեռք բերած նոր գիտելիքներն ու փորձը կարեւոր համարեց Հայաստանում ոլորտի զարգացման գործում ընհանրապես եւ կրթական առումով՝ մասնավորապես: Ըստ պարոն Ուռուտյանի, սեմինարը լիովին արդարացրել է սպասումները նաեւ ոլորտի չինացի եւ հայ մասնագետների միջեւ գործարար ու բարեկամական հարաբերությունների հաստատման, ուստիեւ՝ առհասարակ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացման տեսակետից:
Ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ՉԺՀ կառավարությանը, ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը, Չինաստանի սննդի եւ խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտին՝ հայաստանցի մասնագետների վերապատրաստման այս եզակի հնարավորության համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ՍԱՏՄ-ին՝ ոչ միայն սեմինարը բարձր մակարդակով կազմակերպելու, այլեւ առհասարակ Ագրարային համալսարանի հետ շարունակական գործակցության համար, որը «մեր համալսարանի համար մեծ նշանակություն ունի որպես նշանակալի բարեփոխումների փուլում գտնվող կրթագիտական հաստատության»:
Մասնակիցները` ոլորտում գործող մասնագետներից մինչեւ դասախոսներ եւ ուսանողներ, միահամուռ կարծիք են հայտնում սեմինարի հետաքրքրության, արդյունավետության, գործնական նշանակություն մասին։ Նրանք բարձր են գնահատում նաեւ ստեղծված գործարար կապերը թե չինական կողմի եւ թե ներհայաստանյան կառույցների ներկայացուցիչների հետ։
Սեմինարն ավարտվեց ավարտական հավաստագրերի հանձնմամբ, նվերների փոխանակմամբ եւ բարեկամության սկիզբ ազդարարող փոխադարձ հավաստիացումներով։
- 12/12/2019
- 2019