Կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին ICARE հիմնադրամի Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ZYAC)՝ Պռոշյան համայնքում, բացվեց ականավոր գրող, թարգմանիչ, հրապարակախոս, ազգային գործիչ Զապել Եսայանի արձանը։ Հիմնադրամի կազմակերպած գեղեցիկ միջոցառման հյուրերը, չնայած անձրեւին, հաճույքով հաղորդակից դարձան թե եսայանական շնչին եւ թե արվեստի գործերի ու գյուղատնտեսական մթերքների ցուցահանդեսին։
Պոլսում ծնված, Եվրոպայում եւ Խորհրդային Հայաստանում բուռն գործունեություն ծավալած եւ որպես ազգային իդեալների առաքյալ ու մեծ նահատակ խորհրդային բանտերում սպանված մեծանուն գրողի եւ եզակի ազգային գործչի արձանն առաջինն է Հայաստանում։ Քանդակագործը Նունե Թումանյանն է, նախագիծն իրականացրել է Armenian Artists Project բարեգործական առցանց պատկերասրահը՝ բոստոնահայ բարերարներ, մեր համալսարանի եւ ICARE հիմնադրամի մեծ բարեկամներ Ջուդի Սարյանի ու Վիկտոր Զառուգյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, որոնք ներկա էին բացմանը։ Ներկա էին նաեւ քանդակագործը, Զապել Եսայանի թոռը՝ պրոֆեսոր Ալեքսանդր Եսայանը։
Ջուդիթ Սարյանն իր խոսքում ներկայացրեց Զապել Եսայանի գործունեությունը՝ գնահատելով մեծ գրողի ու հասարակական գործչի կյանքի ուղին եւ ICARE հիմնադրամի կրթական ու հետազոտական այս կարեւոր կենտրոնը նրա անունով կոչելու խորհուրդը։
Տիկին Սարյանը եւ տիկին Թումանյանը բացեցին արձանը հորդառատ անձերի տակ, բայց թեթեւ սրտով ու մեծ պատկառանքով։
Հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց իմաստալից, ապագային միտված այս նախաձեռնության բոլոր կողմերին՝ թե հովանավորներին եւ թե իրականացնողներին։ Նա նշեց, որ Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնը լինելու է ագրոբիզնեսի ոլորտի կրթության եւ հետազոտությունների միանգամայն նոր որակի հարթակ, որն իր եզակի դերակատարությունն է ունենալու մեր երկրում ոլորտի ընդհանուր զարգացման գործում: Խոսելով առհասարակ կենտրոնի ստեղծման գաղափարի մասին, պարոն Գրիգորյանն ասաց․ «Կուզենայի, որ մենք բոլորս մեզ հարց տանք՝ ունե՞նք արդյոք բավարար քաջություն եւ հաստատակամություն, որ հենց այսօր մեր ներդրումն ունենանք մի հաստատության մեջ, որը, հնարավոր է, Հայաստանի եւ տարածաշրջանի կյանքում իր ազդեցության գագաթնակետին հասնի 100 տարի անց»։