Սեպտեմբերի 7-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը դրամաշնորհային պայմանագիր ստորագրեց Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանի հետ։ Ողջունելով ՀՕՖ-ի պատվիրակներին, ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ՀՕՖ-ին՝ իրականացրած եւ ընթացքի մեջ գտնվող նպատակային ծրագրերի համար, մասնավորապես՝ կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներում։
Նա Նշեց, որ ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում՝ ստորագրվող պայմանագրով նախատեսված խելացի անասնաշենքի եւ հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրամասի կառուցումը, իսկ հետագայում՝ նաեւ ջերմատունը կարեւոր նշանակություն ունեն մասնաճյուղի բակալավրիատի եւ քոլեջի ուսանողների համար՝ գործնական գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու առումով։ Ավելին, ինչպես վստահեցրեց պարոն Ուռուտյանը, «կենտրոնը մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն բուհի կարողությունները բարձրացնելու եւ որակյալ կրթական միջավայր ձևավորելու առումով, այլև համայնքի զարգացման ու ագրոխորհրդատվական հնարավորությունների զարգացման տեսանկյունից, քանի որ Կենտրոնում հետագայում իրականացվելու են հետազոտական ծառայություններ, որոնք նպաստելու են ֆերմերների եկամուտների ավելացմանը մասնավորապես եւ տարածաշրջանում աղքատության նվազմանը առհասարակ»։
Բագրատ Սարգսյանը գոհունակությամբ արձանագրեց Ագրարային համալսարանի հետ գործակցության այս հնարավորությունը։ «ՀՕՖ-ի ծրագրային պորտֆելում կրթությունն ու տնտեսական զարգացումը կարևորագույն ու գերակա ուղղություններից են հատկապես վերջին տարիներին։ Պետք է նշեմ, որ այս համագործակցությամբ մենք համատեղում ենք այդ երկու ոլորտները, այսինքն՝ սատարում ենք կրթական լուրջ համալիրի ձևավորմանը եւ տարածաշրջանում տնտեսական զարգացմանը։ Ուրախությամբ նշեմ, որ Ագրարայինն այսուհետ մեր՝ համալսարանական գործընկերների ցանկում է, եւ այս համագործակցությունը դրա վառ ապացույցն է, որը, վստահ եմ, շարունակական է լինելու։ Համոզված եմ, որ Կենտրոնի ձեւավորումը կատարելագործման նոր հնարավորություններ կընձեռի տեղի ֆերմերներին ու գործարարներին»,- ասաց ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։
Իրենց խոսքում ստեղծվող կենտրոնի դերը եւ ՀՕՖ-ի գործընկերային ջանքերը բարձր գնահատեցին Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Մերի Յոլյանը, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, Անասնաբուծության ամբոնի վարիչ Տիգրան Չիթչյանը եւ ՀՕՖ-ի տնտեսական և համայնքային զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը։
Սիսիանի մասնաճյուղում շուտով կունենանք կենտրոն, որը ոչ միայն մասնագետներ կպատրաստի ու վերապատրաստի, այլև ագրարային մասնագիտություններն առավել գրավիչ կդարձնի տարածաշրջանի երիտասարդների համար։