Ապրիլի 17-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանն ընդունեցին «Արմենիա» հիմնադրամի պատվիրակությանը, որի Հայաստան հերթական այցի շրջանակում օրերս Արենի համայնքում բացվել է հողի եւ ջրի լաբորատորիա։ Հիմնադրամի նախագահ, շվեյցարահայ հայտնի բարերար Վահե Գաբրաշը ՀԱԱՀ ռեկտորի եւ Արենի համայնքի ղեկավարի հետ նաեւ ստորագրել է համագործակցության հուշագիր։ Պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը։
Ռեկտոր Ուռուտյանի ուղեկցությամբ հիմնադրամի պատվիրակները շրջայց կատարեցին համալսարանի մի քանի նորարարական լաբորատորիաներում․ եղան Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գարեջրի եւ թորման, Սննդամթերքի որակի հսկման, Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիաներում, Ի Վի Էն գինու ակադեմիայի լաբորատորիայում եւ համտեսի սրահում, Կենսատեխնոլագիաների ինկուբատորում։ Հյուրերը տպավորված էին՝ տեղեկանալով լաբորատորիաների գործունեության մասին, իմանալով դրանց կարեւորությունը թե համալսարանի ուսանողների եւ դասախոսների համար՝ բուն ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման տեսակետից եւ թե վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի բազմաթիվ շահառուների համար։
«Արմենիա» հիմնադրամի պատվիրակներն առիթ ունեցան համտեսելու (եւ հավանելու) Գարեջրի եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայում արտադրվող չֆիլտրված, բնական ու համեղ «քրաֆթ» գարեջուրը եւ համալսարանի՝ շուկայում արդեն հայտնի «Սերունդ» գինին։
«Արմենիա» հիմնադրամը հայտնի է Հայաստանում իրականացրած բազմաթիվ բարեգործական ծրագրերով։