Միջազգային կապերի դեպարտամենտն ուրախությամբ հայտնում է, որ այս տարի մեր համալսարանը ձեռք է բերել մեկ այլ նոր միջազգային նախագիծ։ Այն իրականացնում է Վիշգրադի միջազգային հիմնադրամը՝ Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եւրոպայում։
«Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» վերնագրով նախագծի հիմնական նպատակն է գործընկեր համալսարանների օժանդակությամբ ՀԱԱՀ-ի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի համար ստեղծել փափուկ հմտությունների մոդուլներ եւ կարիերայի խորհրդատվության գնահատման մեխանիզմ, ինչպես նաեւ մշակել մենագրություն կարիերայի խորհրդատվությունում փափուկ հմտությունների դերի մասին:
Նոր նախագիծը նախորդ Visegrad+ նախագծի տրամաբանական շարունակությունն է, որը հաջողությամբ համադրեց եւ իրականացրեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը։ Այս անգամ նախագծի գլխավոր համադրողը Հարավային Բոհեմիայի համալսարանն է (ՀԲՀ, Չեխիա): Նախագիծը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ), Սլովակիայի` Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի (ՍԳՀ) եւ Բուդապեշտի բիզնես համալսարանի (ԲԲՀ) աջակցությամբ։
Նոր նախագծի իրականացման ժամկետն է՝ 01/07/2024–31/12/2025:
Նախագծի նպատակն է նպաստել հետեւյալ խնդիրների լուծմանը.
1) Բարելավել աշխատանք գտնելու ցածր հնարավորությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է հաջողության հասնել մրցակցային աշխատանքային հարցազրույցներում, այսինքն՝ զարգացնել ինքնաներկայացման կարողությունը:
2) Բարելավել ուսանողների եւ աշխատողների՝ հեռավար աշխատանք իրականացնելու կարողությունները։ Հեռավար աշխատանքը թույլ է տալիս առանց տեղափոխվելու աշխատել օտարերկրյա գործատուի մոտ, որը կարող է լուծել այն բազմաթիվ ուսանողների/շրջանավարտների խնդիրը, որոնք ցանկանում են ապրել Հայաստանում:
3) Նպաստել հետքովիդյան շրջանի հոգեկան անհանգստության նվազմանը երիտասարդների շրջանում։ Այս միտումը բավականին տարածված է եւ կարեւոր է կանխել ծագող հոգեկան անհարմարությունները։
4) Բարելավել կարիերիայի խորհրդատվության գործիքները։ Համալսարանները հաճախ իրականացնում են կարիերայի խորհրդատվություն՝ ըստ իրենց մեթոդաբանության, որոնք ստանդարտացված չեն, հետեւաբար, դժվար է համեմատել տարբեր համալսարանների եւ երկրների արդյունքները։ Որպես արդյունք՝ դանդաղում է շարունակական կատարելագործումն ու փոխադարձ համագործակցությունը:
Այս նախագծի նորարարական բնույթը V4 (Վիշեգրադի խումբ) երկրներից կարիերայի խորհրդատվության փոխանցումն ու այն մարտահրավերների հաղթահարման նպատակադրումն է, որոնք հետքովիդյան շրջանը բերել է աշխատաշուկա: Կարիերայի կենտրոնների միջազգային համագործակցությունը եւ կարիերայի խորհրդատվության ոլորտում առկա գիտելիքների գնահատման եւ տարածման միասնական շրջանակ ստեղծելու տեսլականը եւ փափուկ հմտությունների շեշտադրումը կարիերայի խորհրդատվությունում նորարարական մոտեցումներ են եւ շատ անհրաժեշտ գործունեություն:
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի համար նախագիծը էական նորամուծություն է փափուկ հմտությունների ոլորտում առաջարկվող ծառայությունների ընդլայնման եւ գնահատման գործում: ՀԱԱՀ-ի ուսանողներն ու շրջանավարտները պատրաստ կլինեն աշխատանքային հարցազրույցներ վարել ինչպես բազմազգ ընկերություններում, այնպես եւ տեղական աշխատաշուկայում։ Ավելին, նրանք կսովորեն ինքնակառավարում, որն անհրաժեշտ է հատկապես հեռավար աշխատանքի համար, քանի որ հաճախ բախվում են ինքնակառավարման սկզբունքների անտեղյակությանն ու չիմացությանը։
Ոչ պակաս կարեւորություն ունի այն հանգամանքը, որ ուսանողներն ու շրջանավարտները կսովորեն կանխել մտավոր ու հուզական հյուծվածությունը եւ հոգեբանական անհանգստությունը, որոնց դեպքերը զգալիորեն աճել են V4 երկրների ուսանողների շրջանում:
Նախագծի շրջանակում կմշակվեն փափուկ հմտությունների երեք նոր մոդուլներ, որոնք են՝ ինքնաներկայացումը, ինքնակառավարումը եւ բարեկեցությունը։ Կիրականացվի նաեւ դասախոսների վերապատրաստում վերահիշյալ մոդուլների ուղղություններով, որոնք հետագայում կվերապատրաստեն ՀԱԱՀ ներքին եւ արտաքին շահակիցներին։ Նախագծի շնորհիվ կստեղծվի նաեւ մենագրություն «Փափուկ հմտությունները կարիերայի խորհրդատվությունում» թեմայով: Այս համատեղ միջազգային մենագրությունը կնպաստի փափուկ հմտությունների տարածմանը V4 երկրներում եւ Հայաստանում, հատկապես ակադեմիական համայնքում: Մենագրությունը հրապարակվելու է անգլերեն՝ տպագիր տարբերակով եւ հասանելի կլինի նաեւ առցանց՝ առավելագույն լուսաբանման համար:
Բացի այս ամենից, կիրականացվի նաեւ կարիերայի խորհրդատվության գնահատում եւ կստեղծվի գնահատման ընդհանուր շրջանակ, որի շնորհիվ կկատարելագործվեն մատուցվող ծառայություններն ու դրանք կդառնան չափելի։
Շուտով ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամնտը, որը համադրելու է նախագիծը, կհայտարարի փորձագետների մրցույթ վերոհիշյալ փափուկ հմտություններով վերապատրաստվելու եւ մոդուլներ կազմելու համար։
Ցանկանանք արդյունավետ մեկնարկ եւ ընթացք ՀԱԱՀ նոր միջազգային նախագծին։