Փափուկ հմտությունները կարեւոր են յուրաքանչյուր աշխատանքում․ Վարդուհի Կոնալյանի հաջողության պատմությունը

19-ամյա Վարդուհի Կոնալյանը  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի է:

Մինչ Ագրարային համալսարան ընդունվելը սովորել է Երեւանի պետական տեխնիկական հումանիտար քոլեջում՝ «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ: Երազում է  տնտեսագետի եւ զբոսաշրջության մասնագետի գիտելիքները համադրելով՝ հիմնել իր ագրոբիզնեսը․ գյուղերում ստեղծել հյուրատներ եւ նպաստել  գյուղական զբոսաշրջության զարգացմանը: Ագրարային համալսարան է եկել երազանքը կյանքի կոչելու համար մասնագիտական գիտելիքներ ձեռք  բերելու նպատակով: Ուսումնառության տարիների ընթացքում հասցրել է ձեռք բերել ագրոբիզնեսի կառավարման վերաբերյալ որոշ գիտելիքներ, սակայն կարծում է, որ մասնագիտական գիտելիքներից զատ, կայանալու, ներկայի աշխատաշուկայում պահանջված եւ մրցունակ մասնագետ լինելու համար անհրաժեշտ է ունենալ նաեւ մի շարք անձնային եւ սոցիալական  հմտություններ, այն է՝ փափուկ հմտություններ:

Տեղեկանալով, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Ագրարային համալսարանում մարտի 27-ից 30-ը անցկացվում են «Փափուկ հմտություններ – անձնային աճ․ կարիերայի պլանավորում եւ կառավարում» թեմայով 4-օրյա դասընթաց, Վարդուհին մասնակցել է՝ սովորելով արդյունավետ հաղորդակցվելու արվեստը: Դասընթացն օգնել է նրան զարգացնել հաղորդակցության, թիմում աշխատելու, կառավարման ունակություններ՝ ժամանակի կառավարում, առաջնորդություն, քննադատական մտածողություն, խնդիրների լուծում եւ այլն։

«Դասընթացի շնորհիվ կարողացա կարճ ժամանակում ձեռք բերել անձնային եւ սոցիալական շատ կարեւոր հմտություններ, որոնք կարճ ժամանակ անց ինձ օգնեցին գտնել աշխատանք»,- ասում է Վարդուհին՝ հավելելով, որ ներկայում աշխատում է  որպես գանձապահ-խորհրդատու: Աշխատանքի ընթացքում ամեն օր շփվում է տարբեր մարդկանց, այդ թվում՝ զբոսաշրջիկների հետ, ընդլայնում կապերը, մոտիկից ծանոթանում բիզնեսի վարման նրբություններին, որոնք էլ քայլ առ քայլ նրան մոտեցնում են երազանքի իրագործմանը:

Վարդուհին կարեւոր է համարում է նաեւ դասընթացավար Վարուժան Ավետիսյանի ներդրած ջանքերը՝ կարճ ժամանակամիջոցում կարիերայի, առաջընթացի եւ 21-րդ դարի արագորեն փոփոխվող բիզնես միջավայրի պայմաններում այդքան անհրաժեշտ հմտությունները փոխանցելու ուղղությամբ։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից եւ իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի եւ ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի ՀՀ բոլոր մարզերից 15-29 տարեկան 10.000 երիտասարդի զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով: