Ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնական այցը Ֆրեզնոյի` Կալիֆորնիայի նահանգային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը պաշտոնական այցով Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանում է։

Այդ համալսարանի նախագահ Սաուլ Խիմենես-Սանդովալի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկարամյա համագործակցության հետագա ընթացքին առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել ագրոտեխնոլոգիաների, ճշգրիտ գյուղատնտեսության, գյուղատնտեսական անօդաչու սարքերի, ռոբոտատեխնիկայի, խելացի ոռոգման, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում համագործակցության հնարավորություններին։

Հաջորդիվ, ռեկտոր Ուռուտյանը հանդիպումներ կունենա Ֆրեզնոյի նահանգայինի Գյուղատնտեսական գիտությունների եւ տեխնոլոգիայի Ջորդան քոլեջում, կայցելի համալսարանի գինեգործարան եւ այլ ստորաբաժանումներ։

Պաշտոնական այցի ընթացքում ռեկտոր Ուռուտյանին ուղեկցում է  գյուղատնտեսական բիզնեսի պրոֆեսոր Անետ Լեւին, որը տարիներ առաջ եղել է Ագրարային համալսարանում՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիական եւ մագիստրոսական կրթական ծրագրերի ակադեմիական գնահատման առաքելությամբ։

Ավելի վաղ պարոն Ուռուտյանն այցելել էր Կալիֆորնիայի Բերկլիի համալսարան եւ Սան Ֆրանցիսկոյի Գրուզեան-Զաքարեան Վասպուրական ազգային վարժարան, հանդիպում է ունեցել վերջինի տնօրեն Գրեյս Անտոնյանի հետ։ Վարժարանն ավելի քան 40 տարի գերազանց որակի երկլեզու մասնավոր կրթություն է տրամադրում։