Վարձավճարների չափերի փոփոխություն մագիստրոսական կրթական ծրագրերում. ռեկտորատի փետրվարյան նիստը

Այսօր` փետրվարի 20-ին, տեղի ունեցավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը` ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի առաջին հարցի՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների եւ ակադեմիական պարտքերի հանձնման վերաբերյալ հակիրճ զեկուցեցին դեկանները, հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները:
Ռեկտոր Ուռուտյանը սկզբունքային գնահատականներ եւ հանձնարարականներ տվեց ժամկետների վերաբերյալ ուսանողների պատեհաժամ տեղեկացման, պատշաճ ծանուցման մեխանիզմի ներդրման եւ առհասարակ պարտքերի հանձնման գործընթացում առկա թերություններին հաստատութենական լուծում տալու անհրաժեշտության մասին: Ռեկտորատի որոշմամբ փետրվարի 28-ը նշվեց որպես պարտքերի հանձնման վերջնաժամկետ, ընդ որում բանակից նոր վերադարձածների համար պարոն Ուռուտյանը հանձնարարեց լրացուցիչ անհատական աշխատանք կատարել, քանի որ նրանք «մտքով դեռ դիրքերում են»:
Ռեկտորատը քննարկեց 2020-2021 ուսումնական տարվա՝ որոշ մասնագիտությունների վարձավճարների չափերի փոփոխության մասին հարցը, որի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը: Ռեկտորը հավելեց, որ մագիստրոսական ծրագրերի օպտիմալացումից հետո միջազգային գործընկերների հետ այժմ համալսարանի մասնագետներն աշխատում են ուսպլանների փոփոխությունների ուղղությամբ: Առաջարկվող կրթական ծրագրերի գին-որակ հարաբերակցությունը դիտարկելիս պարզ է դառնում, որ գերմանական առաջատար համալսարանի հետ կրկնակի դիպլոմի համար ուսման վարձավճարը չի կարող լինել 400 հազար դրամ:
«Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագրի, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի, Գինու ակադեմիայի շրջանավարտներն ավարտելուց հետո բարձր վարձատրվող մասնագիտական աշխատանքների են անցնում եւ մի քանի ամսում ի վիճակի են «հետ բերել» բուհին վճարած ուսման վարձը: Ընդ որում, մենք նաեւ բանակցում ենք մեր գործընկեր բանկերի հետ՝ մեր ուսանողների համար անտոկոս կամ ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկերը հասանելի դարձնելու նպատակով», – նշեց պարոն Ուռուտյանը՝ հավելելով, որ Սփյուռքի հետ աշխատանքների ակտիվացմամբ եւ աջակիցների ավելի մեծ բանակ ունենալու պարագայում ուսանողներն ավելի վճռականորեն կներգրավվեն արդիական մագիստրոսական կրթական ծրագրերում:
Օրակարգի հարցերից մեկն էլ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխման մասին հարցն էր, զեկուցողը՝ քոլեջի տնօրեն Արմեն Աղասարյանը: Ի դեպ, ռեկտորը շնորհակալություն հայտնեց պարոն Աղասարյանին, քոլեջի սաներին եւ աշխատակիցներին՝ նախօրյակին Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումը համալսարանում իսկական տոնի վերածելու համար:
Ընթացիկ հարցերի շարքում պրոռեկտոր Մակարյանը զեկուցեց ՀԱԱՀ-ի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքի եւ դրանց նախնական ժամանակացույցի վերաբերյալ: Տարին հագեցած է լինելու բազմաթիվ միջոցառումներով՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, համացանցային կայքի գործարկում, ուսանողական տարբեր միջոցառումներ՝ գիտաժողովներից մինչեւ լեռնագնացություն, երեք այլ համալսարանների հետ համատեղ աշխատանքային տոնավաճառ, այցելություններ երախտավորներին, նորաստեղծ ենթակառույցների բացման արարողություններ, համալսարանի գործունեության հանրայնացում ու տեսանելիության բարձրացում եւ այլն:
Եւ դարձյալ կարգապահություն: Թե´ ռեկտորը եւ թե´ պրոռեկտորն արձանագրեցին՝ դասերի հաճախելիության ցուցանիշները գոհացուցիչ չեն: Դասերից բացակայությունների առումով պարոն Ուռուտյանը բերեց դասախոսների եւ համապատասխան ամբիոնների վարիչների կողմից անպատասխանատվության կոնկրետ օրինակներ: Որոշ դասախոսների դեպքում, ինչպես ռեկտորը նկատեց՝ «վիճակը բավականին տխուր է»:
Ռեկտորատը կոնկրետ հանձնարարականներ տվեց դեկաններին՝ կարգապահության հարցը հստակ կերպով լուծելու առումով, ներառյալ՝ ուսանողների հետ բացատրական աշխատանքը: Այս առումով խնդրի լուծմանը հաստատապես կնպաստի հաճախումների կառավարման էլեկտրոնային համակարգը, որը, ինչպես հավաստիացրեց ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը, շուտով կգործարկվի: