Երկուշաբթի: 1-2-րդ ժամի մեկնարկին դեռ շատ ժամանակ կա, բայց ժպտերես, շողուն աչուկներով պարմանուհին դասախոսի հետ արդեն կանգնած է լաբորատորիայի շեմին: Ակնհայտորեն սրտատրոփ սպասում է դասին:
Մարիա Գեւորգյանն է` ՊՄՏ-1 կուրսից: Հարցնում եմ. «Ինչո՞ւ, ինչպե՞ս ընտրեցիր բուհն ու մասնագիտությունդ»:
– Բուհի հարցում՝ ընտանիքում ուղղորդեցին: Բայց հիմնական դպրոցում քիմիա լավ չէի սովորել: Մեր համալսարանի վարժարանում շատ արագ լրացրեցին բացթողումը եւ առարկան ինձ համար սիրելի ու հետաքրքիր դարձավ:
Երիտասարդ, բայց հմուտ եւ իր գործը սիրող դասախոսը՝ ք.գ.թ. Ռոզա Շաինովան ինտերակտիվ է աշխատում լսարանում՝ հարցեր է տալիս անցածից, որոնք կապվում են օրվա թեմայի հետ: Մեթիլ, էթիլ, պրոպանոլ…քիմիան տողերիս հեղինակի համար չինարենին հավասարեցված գիտություն է, չինական պարսպի չափ բարձր, տգետներիս համար անհաղթահարելի, գրեթե անծայրածիր-անվերջ: Ուստի, երբ նայում էի, թե գրատախտակին մոտեցող ուսանողները ինչ վարժ-արագ են աշխատում, անկեղծորեն հիանում էի: Իհարկե, դասաժամը հետաքրքիր է, երբ հասկանում ես առարկան՝ բոլոր նրբություններով:
-Վանիկ, Վահե, Գայանե՝ ինչո՞ւ մեթան, ինչո՞ւ –ական,- բոլորին ներգրավում է դասախոսն ու երիտասարդների պատասխանները հստակ են:
Տեսական մասը վերջացնելուց հետո, բոլորը համերաշխ ու ոգեւորված ձեռնամուխ եղան «հետաքրքիր» (իրենց բնորոշմամբ) խնդիրներ լուծելու գործին: