«Ուսում» դպրոցի սաները ծանոթացան ագրարային ոլորտի մասնագիտություններին

Մասնագիտական կողմնորոշման նպատակով երեկ՝ ապրլի 11-ին, Ագրարային համալսարան էին այցելել «Ուսում» դպրոցի ութերորդցիները: ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, ողջունելով ուսումնատենչ պատանիների այցն Ագրարային համալսարան, ներկայացրեց բուհի ենթակառաույցներն ու հնարավորությունները, ժամանակակից աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, ուսանողների փոխանակման միջազգային ծրագրերն ու ուսումն արտերկրում շարունակելու Ագրարայինի բազմաթիվ առաջարկները:

«Ագրարային ոլորտի մասնագետներն այլեւս ձեր պատկերացրած չարքաշ աշխատանքը չեն կատարում, ժամանակակից տեխնոլոգիաները մուտք են գործել նաեւ այս ոլորտ՝ հնարավորություն տալով գյուղացու աշխատանքը դարձնել ավելի հեշտ, ավելի կանխատեսելի ու համակարգված, իսկ դրա համար պետք են արդիական գիտելիքներ, պետք են ոլորտի նորարարական տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետներ, որոնց էլ պատրաստում է Ագրարարային համալսարանը»,- նշեց տիկին Մնացականյանը:

Այնուհետեւ լսածը տեսնելու նպատակով աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, այցելեցին Գարեջրագործության եւ խմորման, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիաներ՝ ծանոթանալով գարեջրի եւ շոկոլադի պատրաստման տեխնոլոգիաներին, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի լաբորատորիայում հետաքրքիր զրույց ունեցան անտառների նշանակության, պահպանման, անտառատնկման ու առհասարակ անտառագետի դերի մասին, իսկ Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում ծանոթացան այս ոլորտի  մասնագիտությունների առանձնահատկություններին ու կարեւորությանը: Օրգանական քիմիայի լաբորատորիայում աշակերտներն ականատես ու մասնակից եղան տարբեր քիմիական փորձերի, Գյուղատնտեսական ԱԹՍ-ների ուսումնական լաբորատորիայում հաղորդակից դարձան գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի գործառույթներին, իսկ ՀԱԱՀ նորարարական ջերմատանը ծանոթացան ռոբոտ ֆերմերի եւ հիդրոպոնիկ եղանակով բույսերի աճեցման արդիական մեթոդներին՝ համոզվելով, որ գյուղատնտեսական աշխատանքն այլեւս ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ջանքեր, տեխնոլոգիական լուծումներ ու նորարարական գիտելիքներ է պահանջում:

Համալսարան այցի ընթացքում «Ուսում» դպրոցի սաները հանդիպում ունեցան նաեւ ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովի ներկայացուցիչ Հայկ Մկրտչյանի հետ, որը ներկայացրեց Ագրարայինի քոլեջ եւ բակալավրիատ ընդունվելու կարգը, պատասխանեց աշակերտների հարցերին: