Տուշայի համալսարանի պատվիրակության այցը Ագրարային համալսարան

  1. Օգոստոսի 28-ին աշխատանքային այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էր Իտալիայի Տուշայի համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Ստեֆանո Ուբերտինիի գլխավորությամբ։ Պատկառելի պատվիրակության մեջ ընդգրկված էին Տուշայի համալսարանի ճարտարագիտական, ճշգրիտ գյուղատնտեսության, գինեգործական, անտառագիտության ու կանաչապատման, միջազգային կապերի եւ այլ ստորաբաժանումների պատասխանատուներ։

Գործընկերներին ջերմորեն ընդունեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, դեկանները, միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցները։

ՀԱԱՀ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց մեր համալսարանի դերը գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների համար մասնագետների պատրաստման գործում, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, դինամիկ կերպով ընդլայնվող միջազգային կապերն ու համագործակցությունը։

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը շնորհակալություն հայտնեց Տուշայի համալսարանի հետ տարիների պատմություն ունեցող գործակցության համար, որի մեջ էական մասնաբաժինը Էրասմուս + ծրագրի շրջանակում շարժունության արդյունավետ աշխատանքների իրականացումն է, հավաստեց գործակցության զարգացման՝ Ագրարային համալսարանի պատրաստակամության մասին։ Իր հերթին պրոֆ․ Ուբերտինին գոհունակություն հայտնեց եվրոպական բազմաթիվ համալսարանների հետ արդյունավետ գործակցության պատկառելի փորձ ունեցող ՀԱԱՀ-ի հետ Տուշայի համալսարանի ներկա գործակցային կապերի եւ ապագա համատեղ հնարավորությունների առումով։

Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երկու համալսարանների տարբեր օղակների միջեւ գործակցության շարունակականությունն ապահովելու վերաբերյալ։

Բուհերի ղեկավարները խորհրդանշական նվերներ փոխանակեցին։ Պարոն Զաքոյանը Տուշայի համալսարանի պատվիրակության անդամներին հաճույքով բաժին հանեց նաեւ Ագրարային համալսարանի Ակունքի օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական տնտեսության օրգանական արտադրանքից։

ՀԱԱՀ-ի մի շարք նորարարական լաբորատորիաներում շրջայցից հետո իտալացի գործընկերներին ընդունեց ՀԱԱՀ նախկին ռեկտոր, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի Ագրոթվին նախագծի ղեկավար Վարդան Ուռուտյանը։ Նա ներկայացրեց Ագրարային համալսարանի եւ ICARE հիմնադրամի՝ ավելի քան 20 տարի առաջ մեկնարկած արգասաբեր համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավոր անդրադարձ կատարելով իր ղեկավարած Ագրոթվին նախաձեռնությանը։ Նախագիծը, մասնավորապես, նպատակ ունի ստեղծել գյուղատնտեսական նորարարական հարթակ, որ տվյալահենք եւ ճշգրիտ գյուղատնտեսության գործիքների միջոցով ֆերմերներին եւ շահակիրների այլ խմբերի կօգնի արդյունավետ արտադրական որոշումներ կայացնելու հարցում։

Տուշայի համալսարանի մեր գործընկերների հետ արդյունավետ, հետաքրքիր ու գեղեցիկ հանդիպումն ավարտվեց Ի-Վ-Էն գինու ակադեմիայի լաբորատորիայի աշխատանքին ծանոթությամբ եւ «Սերունդ» եւ EVN գինիների համտեսով։