Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հուլիս 4-ից 8-ը Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը և Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը մասնակցեցին միջազգային գրասենյակների աշխատակազմի վերապատրաստման համար կազմակերպված միջազգային շաբաթին՝ Պորտուգալիայի Բրագա քաղաքի Մինհոյի համալսարանում։ Միջազգային շաբաթին ներկա էին 34 երկրների ներկայացուցիչներ։
Վերապատրաստման առաջին օրը ներկայացվեց Մինհոյի համալսարանը, այնուհետև մասնակիցներին հնարավորություն տրվեց ծանոթանալ միմյանց հետ, նաև ներկայացնել իրենց համալսարանները։ Հետագա նիստերի ժամանակ քննարկվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են Մինհոյի և նրա միջազգայնացման ռազմավարությունը, ինչպես պատրաստել Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի հայտը, նորարարական ուսուցում և դասավանդում Մինհոյի համալսարանում, գործընկերության, համայնքների և ներգրավվածության վերաբերյալ թեմաներ։
Կազմակերպված էր շրջայց համալսարանի մասնաճյուղերով, հանդիպում Մինհոյի համալսարանի ռեկտորի հետ, ինչպես նաև մշակութային այց թանգարան և հանրային գրադարան։ Համալսարանի Լեզվի կենտրոնի կողմից կազմակերպվել էր աշխատաժողով՝ «Հաղորդակցության և միջմշակութային պրակտիկաները» թեմայով, իսկ վերջին օրը կազմակերպված էր սեմինար շատ արդիական «Ինչպես խրախուսել ուսանողներին, ուսուցիչներին և վարչական անձնակազմին մասնակցել շարժունակության ծրագրերին» թեմայով։
Բոլոր սեմինարներն ինտերակտիվ էին, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց ակտիվ քննարկելու ներկայացվող թեմաները, ստեղծելու նոր ծանոթություններ, ուսումնասիրելու ներկա գտնվող համալսարանների փորձը, ինչպես նաև կիսվելու իրենց փորձով ու գիտելիքներով և սկիզբ դնելու նոր, արդյունավետ գործընկերային հարաբերությունների։ Վերապատրաստումը սկիզբ դրեց նոր ծանոթությունների, նոր գիտելիքների և փորձի, ինչպես նաև Պորտուգալիայի մշակույթի բացահայտման: