Ավարտին մոտեցավ Եվրամիության ֆինանսավորմամբ «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» (TOPAS) Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրը, որի նպատակը կարողությունների բարելավումն ու խթանումն է՝ հմտությունների զարգացման մեխանիզմների ներդրման եւ կատարելագործման միջոցով: Թիրախային երկրներն էին Հայաստանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը, իսկ եվրոպական գործընկերները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռումինիան եւ Լեհաստանը։ Ծրագրի գլխավոր համակարգողը ՀԱԱՀ-ի երկարատեւ գործընկեր Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանն էր (Գերմանիա)։ Հայաստանից մասնակցում էին ՀԱԱՀ-ն ու ԵՊՀ-ն։
2017-ին սկսված ծրագիրն ուներ հստակ նպատակներ եւ վերջնարդյունքներ։ Առաջինը երեք կրթական ծրագրի վերանայումն ու բարելավումն էր։ Դրանք էին՝ ագրարային էկոնոմիկա (բակալավրիական եւ մագիստրոսական աստիճան) եւ ագրարային մենեջմենթ (մագիստրոսական աստիճան) կրթական ծրագրերը։ Սկզբում վերհանվեցին հիմնախնդիրները, որոնք առկա էին կրթական ծրագրերի իրականացման ընթացքում։ Մասնավորապես պարզվեց, որ կան վերջնարդյունքներ, որոնք պահանջված են աշխատաշուկայում, սակայն ներկայացված չեն կամ թույլ են ներկայացված առկա կրթական ծրագրերում։ Պարզվեց նաեւ՝ ոչ բոլոր դասախոսներն են տիրապետում դասավանդման ինտերակտիվ մեթոդների։ Խնդիրներ կային նաեւ փորձուսուցումների կազմակերպման հարցում։ Բոլոր թույլ կողմերը վերհանվեցին ներքին եւ արտաքին շահակիցների շրջանում անցկացված հարցումների, ինչպես նաեւ նրանց հետ հանդիպումների միջոցով։ Հիմնվելով վերհանված հիմնախնդիրների վրա, TOPAS-ի աշխատանքային թիմը նախաձեռնեց մեկ բակալավրիական եւ երկու մագիստրոսական կրթական ծրագրի բարեփոխում, կազմվեցին կրթական ծրագրերի վերջնարդյունքները՝ առավելագույնս մոտարկված աշխատաշուկայի պահանջներին։ Ներմուծվեց մեկ ամբողջական կիսամյակային փորձուսուցում։ Բարեփոխված կրթական ծրագրերը 2019-ին կյանքի են կոչվել։
Մյուս կարեւոր փոփոխությունը ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումն էր դասախոսների մանկավարժական կարողությունների զարգացման միջոցով։ Թիրախային մասնագիտություններում դասավանդող ավելի քան 68 դասախոս վերապատրաստվեց։
Շատ կարեւոր վերապատրաստում եւս անցկացվեց՝ ագրարային ոլորտում տվյալների հավաքման, բազաների կազմման եւ վերլուծության ուղղությամբ։ Համալսարանի 27 դասախոս լսարանային եւ դաշտային աշխատանքների միջոցով ծանոթացավ ագրարային կրթության եւ ոլորտի ամենախնդրահարույց հարցերից մեկին․ ինչպես հավաքել տվյալներ, որ առավելագույնս մոտ լինեն իրականին, ինչպես խմբավորել եւ վերլուծել դրանք, ինչպես կառավարել տվյալների շտեմարանը։
Ագրարային ոլորտում տվյալների հավաքման եւ վերլուծության մեկ կարեւոր նորամուծություն նույնպես կատարվեց։ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի ջանքերով ստեղծվել եւ կիրառվում են տվյալների ներմուծման եւ հավաքման Excel ծրագրային գործիքներ, որոնք էապես հեշտացում են գործընթացը։ Հաշվի առնելով դրանց անհրաժեշտությունն ու կարեւորությունը՝ TOPAS ծրագրի շրջանակում դրանք թարգմանվեցին։ Առաջինը MAX ծրագրակազմն է, որը նախատեսված է առանձին արտադրական գործընթացների հաստատուն ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկելու եւ տնտեսության պլանավորման համար: Մյուսը՝ BEP ծրագրակազմը, շահութաբերությունը եւ կայունությունը վերլուծելու եւ տնտեսության ֆինանսավորումն ու ներդրումները պլանավորելու համար է:
TOPAS-ի կարեւորագույն վերջնարդյունքներից մեկը Զանգվածային բաց առցանց դասընթացի (Massive Open Online Course, MOOC) ստեղծումն է։ Գործընկեր բոլոր համալսարանների ներկայացուցիչները ստեղծեցին 21 տեսանյութ ագրարային արտադրության էկոնոմիկայի վերաբերյալ։ MOOC-ը հասանելի է բոլորի համար եւ հատկապես արդյունավետ եղավ համավարակի պայմաններում։
TOPAS-ի շրջանակում ՀԱԱՀ-ի 6 դասախոս վերապատրաստվեց եվրոպական գործընկեր համալսարաններում՝ տվյալների հավաքման եւ վերլուծության, տնտեսությունների կառավարման, ուսանողակենտրոն դասավանդման ուղղություններով։ Վերադարձից հետո նրանք վերապատրաստեցին գործնկերներին։
Ծրագրի հիմնական թիրախներից էին ուսանողները, ուստի ՀԱԱՀ-ի 16 ուսանող եւ մագիստրանտ 1-2 ամիս տեւողությամբ վերապատրաստվեց եվրոպական համալսարաններում։
TOPAS-ի գործընկեր համալսարանները նախապատրաստեցին եւ անգլերեն, հայերեն, ուկրաիներեն, ուզբեկերեն տպագրեցին «Ուսանողների փորձուսուցման, գյուղատնտեսական տվյալների հավաքման եւ ուսանողակենտրոն ուսուցման» ձեռնարկը, որը մեկտեղում է ագրարային կրթությանը վերաբերող երեք հիմնական հարց․ փորձուսուցում, տնտեսության կառավարման տվյալներ, ուսանողակենտրոն ուսուցում, դասավանդում եւ գնահատում։
TOPAS-ը՝ որպես կարողություններին միտված ծրագիր, բնույթով խիստ յուրահատուկ էր, քանի որ միակն էր, որի հիմնական թիրախը ագրարային ոլորտն ու ագրարային կրթությունն էին։
Գարեգին ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, TOPAS-ի տեղային համակարգող