TOPAS ծրագիրը նախանշում է գործնական արդյունքներ

0 Shares

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դասախոսների եւ ուսանողների պատկառելի պատվիրակությամբ է մասնակցում փետրվարի 12-13-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում անցկացվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթություն» (TOPAS) ծրագրի աշխատանքային խմբերի հերթական հանդիպմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ Էրասմուս + ՀԳ 2-ի շրջանակում:
Ծրագրի համադրող Ռալֆ Շլաուդերի, Հայաստանում Էրասմուս+-ի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի եւ TOPAS-ի ԵՊՀ համադրող, պրոֆ. Արամ Առաքելյանի ողջույնի խոսքերից հետո շատ հետաքրքրիր քննարկում ծավալվեց ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանի ջանքերով հանդիպմանը հրավիրված գործարարների հետ:
Տեսական ուղղվածությունն առհասարակ համարելով մեր կրթական համակարգի խոցելի կողմը, պարոն Ալեքսանյանը գործընկերներին տեղեկացրեց TOPAS-ի շրջանակում ՀԱԱՀ-ի վերջին 2 տարիներին ունեցած ձեռքբերումների մասին, որոնք փոխլրացնում եւ ամրապնդում են գործնական կրթության անցման ուղղությամբ համալսարանի ղեկավարության գործադրած ջանքերը: Խոսքը նոր՝ «հեղափոխական» ուսումնական պլանների եւ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առաջին անգամ ներդրվող աշխատանքային կիսամյակի մասին է:
Ուրախալի է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում առաջին անգամ կիրառվող այս գործելակերպը ընդհանուր առմամբ դրական արձագանք գտավ ագրոբիզնեսի ընկերությունների ներկայացուցիչների կողմից: Տեխնիկական հիմնական դժվարությունը, ինչպես մասնավորապես նշեց սննդամթերքի արտադրության «Արարատ» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանը, կարող է առնչվել սեզոնային ծանրաբեռնվածության գործոնին:
Հանդիպման առաջին օրվա քննարկումների առանցքում էին գյուղատնտեսական տնտեսագիտության դասավանդման բարելավմանը, ֆերմերային տնտեսության վարման տվյալների բազաների մշակմանն առնչվող հարցեր:
Այսօր՝ փետրվարի 13-ին TOPAS-ի աշխատանքային խմբերի հանդիպումը շարունակվում է: Գործընկերները կքննարկեն ծրագրի վերջին ամիսների վերաբերյալ առաջարկությունները, լավագույն փորձի տարածման ուղիները, դասավանդման մոտեցումների վերջնականացումը եւ հարակից հարցեր: