Փետրվարի 9-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի Անասնաբուժություն եւ անասնաբուծություն մասնագիտության եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության մի խումբ ուսանողների եւ դասախոսների համար շատ հետաքրքիր հանդիպում էր կազմակերպվել Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի սննդի անվտանգության եւ կենդանիների առողջության փորձագետ Սերգեյ Չախմախչյանի հետ։
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, ներկայացնելով բանախոսին, ուսանողներին տեղեկացրեց «ՀՀ-ում կենդանիների համարակալում եւ հաշվառում» ծրագրի մասին, որն իրականացնում է CARD հիմնադրամը։ Տիկին Աբովյանը շեշտեց ծրագրի կարեւորությունը կենդանիների առողջության, սննդամթերքի անվտանգության եւ առհասարակ գյուղատնտեսության ընդհանուր զարգացման տեսակետից։ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկը ՀԱԱՀ ուսանողների կարողությունների եւ գիտելիքների բարելավման գործում համագործակցությունն է։
Սերգեյ Չախմախչյանը խոսեց գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման գործընթացի՝ սննդի շղթայում ունեցած կարեւորագույն դերի մասին։ Բուն գործընթացի նկարագրությունից առաջ պարոն Չախմախչյանը նշեց, որ Հայաստանյան իրականության մեջ լինելով եզակի, ծրագիրն արդեն առաջընթաց լուրջ քայլ է ապահովել ոլորտի կարգավորման, տոհմային գործի կազմակերպման, համաճարակային իրավիճակի բարելավման, կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության, սննդով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման եւ այլ առումներով։ Չախմախչյանը վերհանեց զոոնոս հիվանդությունների վտանգը, մարդկանց առողջության սպառնալիքները, սննդամթերքի արտադրության շղթան, ռիսկերի նվազեցման հնարավորությունները եւ անվտանգ սննդամթերքի արտադրության խնդիրները։
Կենդանիների համարակալման եւ հաշվառման համակարգի ներդրումն, ահա, լրջագույն դերակատարություն ունի սննդի անվտանգության հարցում։ Փորձառու բանախոսը հիմնավորապես ցույց տվեց, որ համակարգի դերը սննդի շղթայում առանցքային է՝ նաեւ հետագծելիության ապահովման տեսակետից։ Նշեց, որ համակարգի զարգացումը մեծապես կախված է սպանդանոցների ցանցի ընդլայնումից ու լիարժեք գործունեության ապահովումից։
Սերգեյ Չախմախչյանը շատ կարեւոր համարեց Ագրարային համալսարանի դերը՝ ոչ միայն ուսանողներին, այլեւ շահագրգիռ այլ խմբերի գիտելիքներ ու գործական հմտություններ տրամադրելու առումով, որոնք կներգրավվեն համարակալման ու հաշվառման գործընթացում։ «Երկրի համար մեծ կարեւորություն ունեցող այս գործընթացը պետք է շարունակվի արդիական տեխնոլոգիական հմտություններով զինված երիտասարդ մասնագետների՝ անասնաբույժների եւ անասնաբույծների ուժերով․ մեր համալսարանն այն միակն տեղն է, որ մասնագիտական բարձր մակարդակով կարող է այսօր եւ ապագայում ապահովել այդ մասնագետներին», – ասաց պարոն Չախմախչյանը եւ հավելեց, որ CARD հիմնադրամը պլանավորում է առաջիկայում իրականացնել նաեւ գործնական դասընթաց համարակալման եւ հաշվառման թեմաներով։
Մինչ այսօր Հայաստանում համարակալվել եւ հաշվառվել է շուրջ 170 հազար կենդանի։
- 10/02/2023
- 2023