Դոցենտ, տ.գ.թ. Հեղինե Մխիթարյանը գործընկերների համար հաճելի անակնկալ էր պատրաստել՝ բուսական թեյերի վերաբերյալ հակիրճ, բայց համապարփակ դասախոսության եւ համտեսի տեսքով։
Պրոռեկտորներ Հրաչյա Ծպնեցյանը, Հրաչյա Զաքոյանը եւ Մարիամ Մովսիսյանը, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, ֆակուլտետի աշխատակիցները եւ ուսանողները ամենայն ուշադրությամբ ունկնդրեցին տիկին Մխիթարյանին, շնորհակալությամբ ընդունեցին մեր առողջության, կենսակերպի, կենսաբազմազանության մեջ եւ էկոհամակարգում իրենց անգնահատելի դերն ունեցող թեյաբույսերի մասին արժեքավոր տեղեկությունները։
Թեյերի մասին ընդհանուր տեղեկություններից բացի, ներկաները ծանոթացան թեյի արտադրության տեխնոլոգիական գործընթացին, երիցուկից, լորենուց, դաղձից, ուրցից, մասուրից եւ դրա տերեւներից, ազնվամորու եւ սեւ հաղարջի տերեւներից եւ այլ բույսերից ստացվող թեյերի առողջարար հատկանիշների, թեյախմության ավանդույթների ու դրա փիլիսոփայության վերաբերյալ։
Բուն թեյախմությունը գործընկերների միջեւ շփման, ցանցաստեղծման ոչ սովորական, հաճելի ու արդյունավետ միջավայրում թեյախմության արվեստի վերաբերյալ գործնական գիտելիքների ու փորձի փոխանցման հնարավորություն էր, որը հաճույքով ու ոգեւորությամբ արեց տիկին Մխիթարյանը՝ համբերատար կերպով պատասխանելով գործընկերների բազմաթիվ հարցերին։
Գործընկերային, բարեկամական փոխվտահության, կատարյալ փոխըմբռնման գեղեցիկ մթնոլորտում անցած միջոցառումը առարկայական հաստատումն էր տիկին Մխիթարյանի արտահայտած այն մտքի, թե՝ թեյը համերաշխություն է։