Տավուշցի ֆերմերները գործնական գիտելիքներ ստացան ՎԴԻՊ-ի վերաբերյալ

Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը Փետրվարի 15-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում անցկացրեց «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթացը: Այն կազմակերպել էին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» նախագծի շրջանակում:

Հաշվի առնելով առհասարակ գյուղատնտեսության եւ մասնավորապես այգեպտղաբուծության ոլորտում վնասատուների դեմ պայքարի կարեւորությունը՝ թունաքիմիկատների նվազեցման հրատապ խնդրի լուծման եւ ընդհանրական առումով ֆերմերների հանրության գիտելիքների պակասի համատեքստում, տիկին Ավագյանը սահմանափակ ժամանակում կարողացավ գործնական կարեւոր գիտելիքներ հաղորդել տարբեր համայնքներից ներգրավված ֆերմերներին: Դրանք վերաբերում էին Վնասատուների դեմ ինտեգրացված պայքարի (ՎԴԻՊ) հիմնական սկզբունքներին, ՎԴԻՊ-ի կիրառմանը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայում, «Պեստիցիդների գնահատման զեկույց եւ ավելի անվտանգ օգտագործման գործողությունների պլան» կանոնակարգով (PERSUAP) թույլատրված պեստիցիդների օգտագործմանը ՎԴԻՊ-ում եւ այլն:

Դասընթացի ավարտին դոցենտ Ավագյանի հետ ներկաները քննարկեցին իրենց համայնքներում առկա կոնկրետ խնդիրներն ու դրանց հավանական լուծումները։