Միջազգային Հելենիկ համալսարանում կայացավ Էրազմուս+ T-green նախագծի միջազգային աշխատաժողովը

Միջազգային Հելենիկ համալսարանում (Հունաստան) 2023 թվականի հուլիսի 10-14-ը կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի միջազգային աշխատաժողովը, որին մասնակցեցին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ  համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Էդուարդ Ղազարյանը, Էմիլ Գեւորգյանը եւ Մարիամ Պողոսյանը։

Որպես ծրագրի համակարգող՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կրթության որակի ապահովման եւ զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը բացման հանդիսավոր արարողությանը ողջունեց մասնակիցներին եւ ներկայացրեց միջազգային աշխատաժողովի օրակարգն ու եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հյուրընկալող բուհին՝ ներդրած ջանքերի, պատրաստակամության ու նախագծում կարեւոր դերակատարման համար:

Ներկաներին ողջունեց նաեւ Միջազգային Հելենիկ համալսարանի ակադեմիական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պանայոտիս Ցիոնասը՝ ակադեմիական համայնքի համար կարեւորելով նախագծի արդիականնությունն ու այն գաղափարը, որը որդեգրել են մասնակից կառույցները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթեւիկ Ղարիբյանը ողջույնի խոսքում ընդգծեց, թե որքան կարեւոր է այս նախագծի շրջանակում պետություն-կրթական հաստատություններ – եւրոպական կառույցներ համագործակցությունը եւ այն սահմանած նպատակները, որոնք ամրագրված են նախագծում:

Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, T-GREEN նախագծի համահամակարգող, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների (Erasmus + Higher Education Reform Experts (HEREs)) փորձագետ Արեւիկ Օհանյանը մասնակիցներին ներկայացրեց նաեւ նախագծի բարեփոխումների ու գործողությունների շղթան, տեսլականն ու ակնկալվող վերջնարդյունքերը, եռամյա գործողություններն ու այն համատեղ մագիստրոսական ծրագրերը ,  որոնք նախատեսում է T-GREEN-ը:

Ծրագրի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները համաժողովի ընթացքում հնարավորություն ունեցան լսելու նաեւ եւրոպացի գործընկերների կրթական ծրագրերի, բարեփոխումների, գործող օրենսդրական կարգերի ու որակի վերահսկման կանոնակարգերի մասին բազմաթիվ ելույթներ, հաղորդակից դարձնել սեփական փորձին, իսկ խմբային քննարկումների միջոցով նախանշել այն խնդիրներն ու անելիքները, որոնք պետք է համատեղ ջանքերով իրականացնեն նախագծի մասնակից բուհերն ու այլ կառույցներն առաջիկա երեք տարում:

Եռամյա  նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ եւ միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

Նախագծի հիմնական նպատակն է ազգային եւ հաստատութենական վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների եւ ուսանողների այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան հարակայուն զարգացման նպատակները եւ բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության եւ կրթական բովանդակության մեջ։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգող), Եւրասիա միջազգային համալսարանը (համահամակագրող), Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երեւան» եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։

ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային Հելենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) եւ Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։