«Եւ այդ պատմության էջերը գրում է մեզնից յուրաքանչյուրը»,-ասաց Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին ագրարայինցիների հետ հանդիպման ընթացքում՝ «Կլիմայի փոփոխություն – Ինչպես գտնել այն «կազմակերպությունը», որ պիտի գործի» թեմայով իր զեկուցումը ներկայացնելիս: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրեց հյուրին, որի կոչումներն ու նվաճումները միայն թվարկելը շատ ժամանակ պահանջեց:
Երկիր մոլորակն այսօր հայտնվել է մի իսկական հրե օղակի մեջ՝ ջերմաստիճանի աննախադեպ բարձրացում, իբրեւ հետեւանք՝ անտառային հրդեհներ, շագրենի կաշվի պես օրեցօր փոքրացող-նվազող ծառածածկ մակերեսների նվազում: Մոլորակը զրկվում է իր «թոքերից», որն ուղիղ ազդում է հանրային առողջության վրա: Բնության շղթան սխալ է պտտվում եւ այս հարցում մարդու մեղքի շոշափելի չափաբաժինը կա. մարդու ազդեցությամբ տաքացել են մթնոլորտը, օվկիանոսը եւ հողը։ Եւ, ինչպես պրոֆ․ Ռեփլին արտահայտվեց՝ կամ հիմա պետք է գլոբալ տաքացումը սահմանափակել մինչեւ 1,5, կամ՝ երբեք։ Այս ընդհանուր նպատակին հասնելու համար առաջիկա տասնամյակներում մարդածին արտանետումների հետեւողական սահմանափակումը պետք է հավասարակշռել վերականգնվող էներգիայի շահագործման հետ, ընդ որում՝ ածուխի, նավթի եւ գազի պաշարների անհրաժեշտ մասը պահպանելով բնության մեջ։
Բանախոսը խոսեց ոչ միայն կլիմայափոխության դեմ պայքարի, այլեւ դրան հարմարվելու անհրաժեշտության եւ հնարավորությունների, այս ճանապարհին հոգեբանական, սոցիալական եւ հաստատութենական խոչընդոտների կառավարման մասին։
Բանախոսին ներկաները հարցեր տվեցին, փոքրիկ քննարկումներ եղան եւ այդ ամենը վկայում է, որ լսարանի համար կարեւոր եւ հետաքրքիր էր թեման: Բոլորս էլ մտորելու կարիք ունենք:
Սեպտեմբերի 5-10-ը գիտության տոնի շրջան է մեր երկրում: STARMUS-ը իսկական աստղային տոն է պարգեւում բնական գիտություններով հետաքրքրվողներին, անգամ անտեղյակներին: Իսկական տիեզերական, աստղային տոն, որի մասն է Ագրարային համալսարանը: