STARMUS VI-ը Ագրարայինում. հյուրընկալեցինք ՍԱՏԼԱՆՏԻՍԻ հիմնադրին

Որպես Սթարմուս փառատոնի գործընկեր համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սեպտեմբերի 7-ին կազմակերպել էր երկրորդ հետաքրքիր հանդիպումը փառատոնի հրավիրյալ բանախոսի հետ․ այս անգամ դա ՍԱՏԼԱՆՏԻՍ ընկերության համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին էր։ ՍԱՏԼԱՆՏԻՍ-ը երկրի եւ տիեզերքի ուսումնասիրության տեխնոլոգիաների եւ փոքր արբանյակների համար ամբողջական լուծումների գծով նոր սերնդի՝ աշխարհում առաջատար իսպանական տիեզերական ընկերություն է։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ներածական խոսքից հետո պրոֆ․ Հերնանին ներկայացրեց բանախոսություն «Տիեզերական տեխնոլոգիաները հանուն շրջակա միջավայրի» ընդգրկուն թեմայով՝ ընդհանուր զարգացումների խորապատկերում հմտորեն առանձնացնելով գլխավորապես ագրարային ճարտարագետներից բաղկացած լսարանին հետաքրքրող հարցերը։ Պրոֆ․ Հերնանին, մասնավորապես, խոսեց տիեզերական տեխնոլոգիաների մասին, որոնք իր ընկերությունն օգտագործում է երկրագնդի եւ տիեզերքի ուսումնասիրության համար, ներառյալ գյուղատնտեսական նպատակներով առաջարկվող գերարդիական լուծումները։ Անդրադարձավ այդ հետազոտությունների նպատակով ՍԱՏԼԱՆՏԻՍ-ի նախագծած եւ արտադրած օգտակար բեռնվածությունների մասին, որոնք աշխարհով մեկ օգտագործվում են փոքր արբանյակներում։

Բանախոսը հաճույքով եւ գնահատանքով արձագանքեց լսարանի հարցերին, որոնք վերաբերում էին թվային ամբողջական լուծումների համար օգտագործվող ծրագրակազմերից մինչեւ հողի մեթանով աղտոտվածության հայտնաբերմանը, աղտոտվածության կետային աղբյուրների քանակական արժեքների որոշարկումից մինչեւ ճշգրիտ գյուղատնտեսության հեռանկարային զարգացումները եւ այլն։

Ներկաներին չէր կարող չհետաքրքրել ռեկտոր Ուռուտյանի տեղեկությունն այն մասին, որ հենց ՍԱՏԼԱՆՏԻՍ-ն է հայաստանյան Գեոկոսմոս ընկերության հետ համատեղ այս տարվա մայիսին տիեզերք արձակել հայկական առաջին արհեստական արբանյակը։ Հայաստանի սահմանները օպերատիվ կերպով հետախուզող եւ բարձր լուծայնության տիեզերական լուսանկարներ ապահովող արբանյակը Իսպանիայի եւ  Հայաստանի գործընկերության եւ բարեկամություն լավագույն դրսեւորումներից է։

Հանդիպման ավարտին ռեկտոր Ուռուտյանը պրոֆ․ Հերնանիին հանձնեց շնորհակալագիր եւ համալսարանի «Սերունդ» գինին, որ հաճելի անակնկալ էր մեր հյուրի համար, որը մեզ հրաժեշտ տվեց՝ համալսարանի հետ բարեկամացած։