2020 թվականի օգոստոսի 11-ին մեկնարկեց սպանդանոցի անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման դասընթացի շրջանակում իրականացվող փորձուսուցումը լաբորատորիայում և սպանդանոցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ դասընթացն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ։
Սպանդանոցի անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման տեսական առցանց դասընթացն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջոցով։ Դասընթացին մասնակցել է 123 մասնագետ: Հուլիսի 25-ին դասընթացն ավարտել և քննությունը բարեհաջող հանձնել է մասնակիցներից 76-ը: Հենց նրանք էլ տեսական փուլից հետո այժմ փորձուսուցում են անցնում սպանդանոցային եւ լաբորատոր պայմաններում։
Տեսական դասընթացի և փորձուսուցման նպատակն է հուլիսի 1-ից երկրում գործող սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի համատեքստում սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով։