2021թ․-ի հոկտեմբերի 6-8-ը Գորիսի պետական համալսարանում հիբրիդային եղանակով տեղի ունեցավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու աշխատանքային խմբերի վերապատրաստումը։
Ծրագրի հայաստանյան, ռուսական եւ եվրոպական գործընկերները մասնակցեցին դեմառդեմ ձեւաչափով, իսկ ՌԴ եւ ԵՄ Գրասենյակի պատասխանատուները միացան հեռավար եղանակով։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտորը, ՀՀ ՊԿԱ ռեկտորը, Հայաստանում եւ Ռուսաստանում ազգային համակարգողներ Թերեզա Խեչոյանը եւ Նատելլա Բուրենինան։ Ծրագրի ընդհանուր նկարագրությունը ներկայացրեց գլխավոր համակարգող՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչը։ Այնուհետեւ Պետրոզավոդսկի համալսարանից եւ ՀԱԱՀ-ից ծրագրի թիմի անդամներ Ալեքսեյ Կուպրիախինը եւ Արա Ամիրյանը ցուցադրեցին ծրագրի շրջանակում գործընկեր համալսարանների իրականացրած դաշտային հետազոտությունների հաշվետվությունները։ Իսկ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի համակարգող Էդուրադո Կարդոսոն խոսեց անգլերենով դասավանդման ԵՄ լավագույն փորձի մասին։
Նույն օրը յուրաքանչյուր գործընկեր համալսարանին հանձնարարված էր 10 րոպեում ներկայացնել ծրագրի շրջանակում անգլերենով դասավանդվող գրականության, մասնավորապես «Headway» գրքի եւ ECTS համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը։ Մեր համալսարանի կողմից զեկույցով հանդես եկավ SMARTI ծրագրի թիմի անդամ Լիանա Վարդանյանը։
Ընդմիջումից հետո Լիվերպուլի Ջոն Մուրես համալսարանի համակարգողը խոսեց ծրագրի նկարագրիչների մասին եւ կարճ ակնարկ արեց գալիք մեթոդական սեմինարի վերաբերյալ։
Աշխատանքային երկրորդ օրը քննարկվեց EMI կենտրոններ ստեղծելու հարցը, որոնք անհրաժեշտ է հագեցնել սարքավորումներով, ինչպես նաեւ մանրամասնորեն ցուցադրվեցին այն բոլոր ձեւաչափերն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ֆինանսական հաշվետվողականության համար։
Հանդիպման վերջին՝ երրորդ օրը նվիրված էր ծրագրի իրադարձությունները ծրագրի պաշտոնական կայքով եւ այլ սոցիալական ցանցերով տարածելու կարողությունների զարգացմանը, որը վարեց Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչ Էդուրադո Կարդոսոն։
Սուսաննա Հայրապետյան
ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի համակարգող