Մարտի 30-ից ապրիլի 1-ը կայացավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի մեկնարկային հեռահար հիբրիդային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի գործընկեր բոլոր հաստատությունների աշխատանքային թիմերը, Հայաստանի և Ռուսաստանի Էրազմուս+ ազգային գրասենյակների, ինչպես նաև Եվրոպական միության ներկայացուցիչները։
Ծրագրի նպատակն է՝ EMI կրթական ծրագրերի զարգացմամբ և ներդրմամբ, EMI կենտրոնների ստեղծմամբ խթանել Հայաստանի և Ռուսաստանի մի շարք բարձագույն կրթական հաստատություններում կրթության գերազանցությունը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց հաստատությունները, ծրագիրն իրականացնելու համար առկա ռեսուրսները և ծրագրային ակնկալիքները: Քննարկվեցին աշխատանքային մի շարք հարցեր, պարզաբանվեցին ծրագրի իրականացման և կառավարման բոլոր փուլերում տեղ գտած նորությունները, ինչպես նաև COVID-19-ով պայմանավորված փոփոխությունները։ Առանձնակի շեշտվեց Հայաստանի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (Հայաստան) և Հավաստագրման ասոցիացիայի ռուսական ռեգիստրի (Ռուսաստան) մասնակցության կարևորությունը։
Հայաստանի և Ռուսաստանի Էրազմուս+ ազգային գրասենյակների ներկայացուցիչները հայտնեցին իրենց աջակցությունը և առանձակի ընդգծեցին ծրագրի կարևորությունը երկու երկրների կրթական ոլորտի բարելավման և միջազգայնացման գործում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատանքային թիմի համակարգող Ալլա Ալեքսանյանը, ներկայացնելով ՀԱԱՀ-ն, նշեց, որ ծրագրի հաջող իրականացումը և որպես պիլոտային ծրագիր ընտրված մագիստրոսական ծրագրի՝ անգլերենով դասավանդման ներդրումը ոչ միայն հանգեցնելու է ծրագրով նախատեսված վերջնարդյունքների ձեռքբերմանը, այլ նաև նպաստելու է աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը և հիմք է ծառայելու եվրոպական բուհերի հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար։