Շարժունության պատմություն․ դասավանդում Տերամոյի համալսարանում

Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 9-ից 13-ը այցելեցի Իտալիայի Տերամոյի համալսարան, որտեղ պետք է դասավանդեի «Կենդանիների բարեկեցություն» առարկան։

Դասավանդումից առաջ հանդիպումներ ունեցա համալսարանի Պարենի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի կենսաբանության եւ տեխնոլոգիայի ֆակուլտետի եւ միջազգային կապերի պատասխանատուների հետ։

Քառօրյա դասավանդման ընթացքում պարենի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի կենսաբանության եւ տեխնոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին ներկայացրեցի երկու կարեւորագույն թեմաներ, որոնք վերաբերում էին գյուղատնտեսական կենդանիների առողջության եւ բարեկեցության պահպանմանը։ Հաջորդիվ դասավանդումը շարունակեցի անասնաբուժական բժշկագիտության մասնաշենքում, որտեղ ֆակուլտետի ուսանողների եւ  ասպիրատների հետ քննարկեցինք անասնաբույժի դերի եւ կարեւորությանը, ինչպես նաեւ գիտահետազոտական փորձերում օգտագործվող լաբորատոր կենդանիների բարեկեցությանն առնչվող հարցեր։ Դասավանդման ավարտին քննարկում ունեցա ֆակուլտետի գիտաշխատողների հետ։

Իտալացի գործընկերների հետ այցելեցինք նաեւ Աբրուցոյի եւ Մոլիզեի՝ վերջին տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած փորձարարական զոոպրոֆիլակտիկ ինստիտուտ, որտեղ իրականացվում են ախտորոշիչ եւ կանխարգելիչ, բուժական գիտական փորձեր տարբեր տեսակի գյուղատնտեսական կենդանիների վրա, ինչպես նաեւ արտադրում են կենդանիների էնդեմիկ հիվանդությունների պատվաստանյութեր։ Հաջորդ այցը անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի մասնաշեքին կից գտնվող անասնաբուժական բազմաֆունկցիոնալ հիվանդանոց էր, որը նախատեսված է մանր եւ խոշոր կենդանիների ախտորոշման, խնամքի, բուժման համար։ Հիվանդանոցը ծառայում է միաժամանակ ուսուցման եւ կենդանիների բուժման վայր, որը լայն հնարավորություն է տալիս ուսանողներին, սկսած 2-րդ կուրսից, տիրապետել գործնական հմտությունների։

Էրազմուսյան միջազգային շարժունությունը լավագույն հնարավորություն է գիտելիքի եւ փորձի փոխանակման, ինչպես նաեւ տարբեր երկրների մշակութային անցուդարձին ծանոթանալու համար։

Հայկանուշ Առաքելյան

ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դասախոս