ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում ՀԱԱՀ կողմից իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի» մասնակիցները եւ ՀԱԱՀ այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի 11 աշխատակիցներ մայիս-հուլիս ամիսներին այցելություններ են ունեցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի լաբորատորիա:
Ինչպես հաղորդում է ծրագրի փորձագետ, ՀԱԱՀ գիտական քարտուղար, այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը, ծրագրի մասնակիցները ծանոթացել են լաբորատորիայի իրականացրած աշխատանքներին, պտղահատապտղատու մշակաբույսերի տնկանյութի բուսասանիտարական (միջատաբանական, բուսախտաբանական, հելմինտոլոգիական, մոլախոտաբանական) հետազոտությունների իրականացման համար կիրառվող սարքավորումներին, մեթոդներին, մասնակցել են լաբորատոր տարբեր հետազոտությունների:
Մասնակիցների ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները կկիրառվեն պտղահատապտղատու մշակաբույսերի տնկանյութի հավաստագրման գործընթացում, ինչպես նաեւ ուսումնական պարապմունքների ու գիտահետազոտական աշխատանքների ընթացքում:
Ագրարային համալսարանի համար կարեւոր վերապատրաստման այս ծրագրի ընդհանուր հաջողությունը մեծապես կախված է գործնական մասի հաջողությունից։ Այս առումով դոցենտ Ավագյանը բարձր է գնահատում թե այգետերերի եւ թե լաբորատորիաների հետ արդյունավետ համագործակցությունը․ «Համալսարանի եւ մասնավորապես Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում բուսասանիտարիայի լաբորատորիայի վարիչ տիկին Լարիսա Սիմոնյանին եւ լաբորատորայի ողջ անձնակազմին՝ ջերմ ընդունելության, ակտիվ ու արդյունավետ համագործակցության համար»։