Վերապատրաստում Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ. հուլիսի 3-ից 7-ը վերապատրաստման նպատակով այցելել եմ Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսական գիտությունների համալսարան (Լեհաստան)։

Հյուրընկալող համալսարանի Կիրառական էկոնոմիկայի ստորաբաժանման դոցենտ, ավագ գիտաշխատող Ստանիսլավ Մինթայի եւ Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակից Կամիլա Մայչժակի օգնությամբ ծանոթացել եմ բուհի կրթական, վարչական ռեսուրսներին ու կարողություններին, համալսարանի միջազգայնացման ուղղություններին եւ ընթացիկ ծրագրերին։ Պարոն Մինթան կազմակերպեց նաեւ այցելություններ համալսարանի՝ ագրոնոմիական ոլորտին առընչվող գիտահետազոտական կենտրոններ, տնտեսություններ եւ անհատական հանդիպումներ մասնագիտական առարկաներ դասավանդող դասախոսների հետ: Նա նաեւ մշակութային շրջայց անցկացրեց Լեհաստանի երկրորդ խոշոր քաղաք Վրոցլավում՝ ներկայացնելով քաղաքի հիշարժան անցյալը, ներկան եւ զարգացման հեռանկարները:

Հաջորդ հանդիպումը Գյուղատնտեսության եւ բուսաբուծության, ինչպես նաեւ հողագիտական հետազոտությունների լաբորատորիաներում էր, որի պատրաստակամ աշխատակցուհիները հաճույքով ներկայացրին իրենց լաբորատորիաներում իրականացվող՝ հողի, բույսի եւ սերմերի նմուշների հետազոտությունները: Նախատեսել էին նաեւ եգիպտացորենի կանաչ զանգվածի նմուշներում քլորոֆիլի պարունակության անալիզներ, որի նմուշների նախապատրաստումը «հանձնարարվեց» ինձ:

Հետագա երկու օրերին պարոն Մինթայի ուղեկցությամբ այցելել եմ համալսարանի Հետազոտական եւ դիդակտիկ կայանը Սվոյչիցեում, որտեղ մեզ դիմավորեց Ագնեշկա Լեյմանը՝ Ագրոէկոլոգիայի եւ բուսաբուծության ինստիտուտից: Նա առանձնահատուկ կենսուրախությամբ եւ շատ մանրամասն ծանոթացրեց կայանի փորձադաշտերին, իրականացվող հետազոտական ծրագրերին, նաեւ՝ մոլախոտերի ուսումնասիրության վերաբերյալ իր անձնական հետազոտական աշխատանքներին: Օրվա երկրորդ կեսն անցավ նույն ինստիտուտի Օրգանական երկրագործություն դասընթացի դասախոս դոկտոր Պյոտր Կուցի հետ, որը ներկայացրեց առարկան, որը դասավանդվում էր Ագրոբիզնես կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողներին, քննարկեցինք մասնագիտական շատ հարցեր։

Վերջին օրը եղել եմ Պտղա-հատապտղաբուծական եւ բաց ու փակ դաշտավարության երկու հետազոտական կենտրոններում՝ պրոֆեսոր Պյոտր Կոհուրայի ուղեկցությամբ: Այցելեցինք հետազոտական ջերմատուն, սնկաբուծարան եւ պտղահատապտղատու այգիներ, ծանոթացանք, նաեւ համտեսեցինք փորձարարական միրգ–բանջարեղենը: Պրոֆեսոր Կոհուրան ներկայացնում էր արտադրական եւ մասնագիտական մանրամասներ, կայանների կառուցվածքային եւ շուկայական գործունեության առանձնահատկություններ:

Չեմ կարող չանդրադանալ լեհ գործընկերների հետաքրքրվածությանը եւ մեր ազգային մշակույթի ու պատմության մասին լավատեղյակությանը, ինչպես նաեւ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ ունեցած մտահոգություններին:

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի եւ հյուրընկալող համալսարանի գործընկերների ջանքերի շնորհիվ վերապատրաստումը կազմակերպվել էր բովանդակալից եւ արդյունավետ՝ թե մասնագիտական, թե ճանաչողական, եւ թե մշակութային առումներով:

Շարժունությունը կամ փորձի փոխանակումը, ըստ իս, խիստ շահադրդող եւ պարտավորեցնող միջոցառում է, որի շնորհիվ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ստանում ձեռք բերել նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ ու փորձ, բացահայտել նոր երկիր, նոր մշակույթ, եւ այդ ամենից քաղված դասերն ու լավագույն մոտեցումները կիրառել ի նպաստ սեփական երկրի զարգացման մեջ ներդրում ունենալու:

Սասուն Մամաջանյան

ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ.