Ռեկտորատի հերթական՝ այս տարվա վերջին նիստը կայացավ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր 2021-2022 ուստարում ամբիոններում ուսումնական ծանրաբեռնվածության կատարման ամփոփ արդյունքներին եւ ի հայտ եկած խնդիրներին․ զեկուցողը Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանն էր։
Քննարկման առարկա դարձավ, մասնավորապես, հրավիրյալ դասախոսների վարձատրման խնդիրը, եւ արձանագրվեց, որ նոր տարվանից, ելնելով առկա հնարավորություններից, էականորեն բարձրանալու է նրանց ժամավճարների դրույքաչափը։ «Գրավիչ պայմաններ ենք առաջարկելու մանավանդ մասնագիտական աշխատաշուկայում գործող փորձագետներին, որոնք համատեղությամբ դասավանդում են մեր համալսարանում»,- ասաց ռեկտոր Ուռուտյանը։ Ռեկտորը, ՈՒԳԿՎ պետը եւ դեկանները կարեւոր համարեցին, հատկապես նոր առարկաների առումով, տեղեկատվության տարածումը՝ հրավիրյալ դասախոսների լայն ընտրություն ունենալու ակնկալիքով։ Վերանայվելու են նաեւ բուն համալսարանի մասնագետների ժամավճարները․ Արմեն Աղասարյանի տեղեկացմամբ, ամբիոններից ստացել են համապատասխան առաջարկներ։
ՀԱԱՀ հեռակա ուսուցման համակարգի, Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերի ավարտական կուրսերի ուսանողների դիպլոմային աշխատանքների կատարման նախապատրաստական աշխատանքների եւ խնդիրների վերաբերյալ օրակարգային հարցի կապակցությամբ զեկուցումները շահագրգիռ քննարկում «հրահրեցին» թեմաների ընտրության, հստակ ժամկետների պարտադիր պահպանման եւ գրագողության բացառման մասին։ Մասնավորապես ժամկետների պահպանումը ձախողելը հանգեցնելու է հեռացման (ժամկետները ինքնանպատակ չեն սահմանվել՝ նշեց պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը)։
2021-2022 ուստարվա ընթացքում համալսարանի էլեկտրոնային կառավարման e-Buh համակարգում ծագած խնդիրների մասին խոսելուց առաջ, ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը տեղեկացրեց, որ հիմնովին վերափոխվել են մոդուլները եւ գնահատման սանդղակը, իսկ այս հարցում ծագած դժվարությունները հաղթահարվել են դեկանների հետ համատեղ աշխատանքով։ Փոփոխություններ են կատարվել նաեւ 10 ենթամոդուլների ծրագրավորման գործում։ Միաժամանակ աշխատակիցների վերապատրաստումներ են անցկացվել նոր մոդուլներով աշխատելու համար։ Իսկ բոլոր ամբիոններից կարծիքներ ստանալն ու վերամշակելը ՏՏ կենտրոնի գործելակերպի սովորական մաս է դարձել։ Որպես խնդիր պարոն Մելքոնյանը նշեց բակալավրիատի հեռակա համակարգում յուրաքանչյուր կանչի վերահանձնումները հաջորդ կանչի ընթացքում կատարելը, մինչեւ կանչը առաջինկուրսեցիների հրամանագրումը, հեռակա ընդունվելուց հետո որոշակի ժամկետում ուսման վարձավճարի մուծումը կատարելու անհրաժեշտությունը եւ այլն։
ՏՏ կենտրոնը ռեկտորատի նիստում արժանացավ ստորաբաժանումների ղեկավարների շնորհակալական ու խրախուսական խոսքին։ Դա պատահական չէ, քանի որ կենտրոնը մշտապես կատարելագործում է, մասնավորապես, e-Buh համակարգի աշխատանքն ու, զուգահեռաբար, կրթում եւ առավելագույնս հեշտացնում է օգտատերերի՝ համակարգից օգտվելու արդյունավետությունը։ Այժմ էլ ավելի դյուրօգտագործելի է դարձել գլոբալ որոնման համակարգը, հունվարից ներդրվելու է ուսանողների ինտերֆեյս, որը թույլ կտա նրանց՝ ունենալ իրենց տվյալներն ու արդյունավետորեն կառավարել դրանք։ Ուսումնական գործընթացի կառավարման նորօրյա զարգացումներից անմասն չմնալու համար վերապատրաստում են նաեւ քոլեջի աշխատակիցներին։
Ընթացիկ հարցերի շարքում էին Հեռակա դեպարտամենտի գործերի հանձնումը, ընդհանուր եւ ուսման վարձավճարների վճարման կարգապահությունը (ի դեպ, խիստ միջոցների կիրառումը թույլ է տվել էականորեն բարելավել վճարումների կարգապահությունը)։ Քննարկվեց եւ Գիտական խորհրդի հունվարյան առաջին նիստում քննարկվելու համար երաշխավորվեց գիտական գործունեության խրախուսման հավելավճարների հերթական բարձրացման հարցը, որը հավասար պայմաններ է ապահովելու գիտական կենտրոնների եւ դասախոսական կազմի համար։
Նիստի ավարտին ռեկտոր Ուռուտյանը տեղեկացրեց, որ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ համալսարանի աշխատակիցները կստանան մեկ ամսվա աշխատավարձի չափով դրամական խրախուսանք։ Պարոն Ուռուտյանը շնորհավորեց տոների առթիվ եւ առողջության ու գործերում հաջողությունների ավանդական մաղթանքների հետ մեկտեղ արտահայտեց իր եւ մեր բոլորի փափագը՝ օր առաջ տեսնել Արցախի ապաշրջափակումը եւ մեր 120000 հայրենակիցների՝ իրենց օջախներում Ամանորը դիմավորելու սովորական մարդկային ուրախությունը։