Այսօր՝ հունվարի 19-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստ՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Քննարկվեց օրակարգային միակ՝ 2024 թ․ ՀԱԱՀ գործունեության պլանավորման՝ կառուցվածքային փոփոխությունների, հաստիքացուցակի օպտիմալացման, գնումների պլանի վերաբերյալ առաջարկությունների մասին հարցը։
Գործունեության պլանավորման առումով, պարոն Զաքոյանը մասնավորպես նշեց, որ պլանավորման փուլը չափազանց կարեւոր է, քանի որ լավ պլանավորված ծրագիրը՝ այդ թվում բյուջեն, հնարավոր է վատ կատարել, բայց վատ պլանավորածը՝ հնարավոր չէ լավ կատարել։ Ընդ որում, համալսարանի գործունեության պլանավորումը պետք է երաշխավորի ուսումնական եւ գիտական գործընթացների անխաթարությունը։
Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն արտահայտեցին քննարկվող հարցի վերաբերյալ իրենց կարծիքները եւ հանդես եկան օրակարգային հարցի վերաբերյալ առաջարկներով։ Համալսարանի 2024 թ․ գործունեության պլանավորման հարցում ակնհայտ էր թիմային մոտեցումը, խնդիրներից չխուսափելով՝ միասնական մոտեցմամբ դրանք հաղթահարելու պատրաստակամությունը։
Այս տարի համալսարանը շարունակելու է նշաձողը բարձր պահել՝ փորձելով ավելացնել ագրարային կրթության գրավչությունն ու նպաստել ագրարային գիտության երիտասարդացմանը։
Ռեկտորատի որոշմամբ, կառուցվածքային փոփոխությունների, հաստիքացուցակի օպտիմալացման, գնումների պլանի վերաբերյալ ստորաբաժանումների ավարտուն առաջարկությունները մինչեւ երկուշաբթի՝ հունվարի 22-ը, կներկայացվեն աշխատակազմի ղեկավարին՝ Հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստում քննարկելու եւ հաստատելու ակնկալիքով։