Ռեկտորատի հերթական նիստը, որը կայացավ հունիսի 21-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, մեկնարկեց ռեկտորի՝ Իսպանիայի Մալագայի համալսարան կատարած աշխատանքային այցի մասին հակիրճ տեղեկատվությամբ։ Պարոն Ուռուտյանը, մասնավորապես, զուգահեռներ անցկացնելով Մալագայի համալսարանում եւ ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումների միջեւ, նշեց, որ տարբերությունը զուտ մասշտաբների ու ծավալների մեջ է, այլապես մենք զարգացման միանգամայն ճիշտ ուղի ենք բռնել գործնական, ագրոտեխնոլոգիական կրթության բնագավառում։
2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան դեկանները, Հեռակա ուսուցման եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտների ղեկավարները, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները։ Ըստ կուրսերի, պատասխանատուները ներկայացրեցին առաջադիմության ցուցանիշները, որոշ դեպքերում արձանագրված ցածր առաջադիմության (մասնավորապես առաջին կուրսերում) պատճառները։ Քննարկվեց ինքնուրույն աշխատանքների հարցը՝ շեշտը դնելով ոչ այնքան ընդհանուր գնահատականում դրանց տոկոսային մասնաբաժնի, այլ ինքնուրույն աշխատանքների մշակույթի վրա։ «Կուրսային աշխատանքների հնացած գործելակերպից պետք է ձերբազատվել եւ ինքնուրույն աշխատանքը դարձնել նախագիծ։ Գործատուն վաղը շրջանավարտին հարցնելու է՝ որն է քո նախագիծը, ինչ ունես առաջարկելու։ Ընդ որում լավագույն աշխատանքները պետք է խրախուսվեն, ցուցահանդեսների եւ մրցույթների մասնակցեն։ Լավագույն օրինակը ստարտափների վերջերս կայացած Ագրիթոն մրցույթն է, որը հնարավորություն տվեց ֆինանսավորելու համալսարանի 15 հաղթող ուսանողների», – ասաց ռեկտոր Ուռուտյանը։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը նույնպես շեշտեց ինքնուրույն աշխատանքների հարցում ձեւական մոտեցումների իսպառ վերացման անհրաժեշտությունը։
Ռեկտորը հանձնարարեց մեխանիզմներ մշակել Ազգային բանակից վերջերս զորացրված պատերազմի մասնակից ուսանողներին ինտեգրելու ուղղությամբ՝ ներգրավելով դասախոսներին եւ ուսանողներին։ Այս առումով առաջիկայում շատ օգտակար կլինի ուսանողների հաջողության կենտրոնի ստեղծումը, որը ռեկտորի նոր գաղափարներից մեկն է։
Օրակարգի երկրորդ հարցի (ուստարվա ուսումնական ծանրաբեռնվածության կազմման ընթացքը) քննարկման ժամանակ ժամաքանակների, հետեւաբար եւ՝ հաստիքների նվազումը գնահատվեց օրինաչափ՝ մասնավորապես հաշվի առնելով օպտիմալացումը եւ աշխատանքային կիսամյակի կենսագործումը։ Պրոռեկտոր Զաքոյանի համոզմամբ, դրույքաչափերը պետք է տրամադրել հստակ սանդղակով, իսկ այս հարցում որոշումները պետք է բխեն առողջ մրցակցությունից՝ արժանավորներն ու նվիրյալները պետք է վարձատրվեն ավելի բարձր դրույքով։
Էլեկտրոնային տեղեկագրերում գնահատականներ մուտքագրելու հարցի քննարկման ժամանակ վեր հանվեցին սահմանված ժամկետներից շեղումների դեպքերն ու դրանց պատճառները, ճշգրտվեցին վերջնաժամկետները։ Այս հարցում որոշվեց բարձրացնել ամբիոնների վարիչների պատասխանատվությունը։
Քննարկվող ընթացիկ հարցերից մեկը վերաբերում էր ուսանողների բացակայությունների՝ վճարովի հիմունքներով լրացման լրացուցիչ հնարավորությանը, որը լայնորեն ընդունված է միջազգային գործելակերպում։
Ռեկտորատի նիստի ժամանակ ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցին՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր ընտրվելու առթիվ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք։ Պարոն Վանդունցը հավաստիացրեց, որ ինքը շարունակում է մնալ Ագրարային համալսարանի մեծ ընտանիքի անդամ եւ ընդհանուր գործի նվիրյալ։ Ի դեպ, նրա ղեկավարությամբ վերջին տարիներին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղը դիմորդների կայուն աճ է արձանագրել։
Նիստի ավարտին ռեկտորը հայտնեց եւս մեկ բարի լուր՝ համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի «Հայաստանի մշակաբույսերի կենսաբազմազանության վերականգնում եւ ապահով կրկնօրինակում Սվալբարդի համաշխարհային սերմերի պահոցում» նախագիծը շահել է Համագործակցության զարգացման նորվեգական գործակալության (Norad) հայտարարած մրցույթը։ Պարոն Ուռուտյանը շնորհավորեց գիտական կենտրոնի տնօրեն, գյուղ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանին եւ հաջողություն մաղթեց այս կարեւոր առաքելության մեջ։