Այսօր՝ հուվարի 23-ին, խիստ աշխատանքային քննարկում էր Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնում, հրավիրված էին հեռակա համակարգով ուսուցման ավարտական՝ 5-րդ եւ 6-րդ կուրսեցիները (պատճառը կրթական ծրագրերի տարբերությունն է) եւ գիտական ղեկավարները:
Դիմելով քննարկման մասնակիցներին, ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը հետաքրքրվեց, թե որ փուլում են աշխատանքները, ուր են հասել, կան արդյոք դժվարություններ, անհաղթահարելի խնդիրներ:
-Ժամանակը շատ կարճ է, զգոնությունը թուլացնելու, «քնով ընկնելու» իրավունք չունենք,-հորդորում է պարոն Եղիազարյանը:
Այս տարի ներկայացվող կուրսերի ավարտաճառերի պաշտպանությունները կայանալու են մարտի 11-12-ին: Դա նշանակում է, որ աշխատանքները ավարտուն վիճակով պետք է ամբիոն ներկայացվեն մինչեւ փետրվարի 20- 21-ը:
Նախկինում հաճախ դրանք բերվում էին վերջին պահին, երբ թերացումները շտկելու, կարգի բերելու ժամանակ գրեթե չէր մնում: Ավելորդ հույզերից, լարվածությունից, ցայտնոտային իրավիճակից խուսափելու համար հիմա խստագույնս պահպանվում է ժամանակացույցը: Սա նաեւ հնարավորություն կտա, որ ղեկավարներն ու ամբիոնների վարիչները հանգամանորեն կարդան ուսանողների՝ գիտական աշխատանք կատարելու առաջին փորձերը:
-Պարզունակ արտագրությունները բացառվում են, նոր հայացք, նոր մոտեցումներ, առաջարկություններ ենք ձեզնից ակնկալում,-եզրափակեց ամբիոնի վարիչը:
Եղանակային դժվարությունների պատճառով մարզերից ուսանողների մի մասը ներկա չէր, ովքեր եկել էին հանգամանորեն ներկայացրին արվածն ու անելիքները: Կարծես անհանգստանալու պատճառ կողմերը չունեն: