Փնտրվում են փափուկ հմտություններ դասավանդողներ

«Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ V4 փորձի փոխանցումը» Visegrad+ նախագծի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը փնտրում է ՀԱԱՀ հինգ աշխատակիցների, որոնք ոչ հեռու ապագայում կիրականացնեն փափուկ հմտությունների վերապատրաստումներ ներքին եւ արտաքին շահակիցների համար։

Նախագծի շրջանակում կստեղծվի հինգ մոդուլ․

  • հաղորդակցման հմտություններ,
  • քննադատական ​​մտածողություն եւ հիմնախնդիրների լուծում,
  • առաջնորդություն,
  • հակամարտությունների եւ ժամանակի կառավարում,
  • թիմային աշխատանք։

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են․

  • անգլերենի լավ իմացություն,
  • մոդուլներ, կրթական ծրագրեր կազմելու հմտություններ,
  • հիմնական աշխատավայրը՝ ՀԱԱՀ,
  • թիմով աշխատելու եւ ժամանակի կառավարման հմտություններ։

Թեկնածուները պետք է․

  • ընտրված մոդուլի շրջանակում հեռավար եղանակով 6 օրով վերապատրաստվեն գործընկեր համալսարանի պրոֆեսորների կողմից՝ անգլերենով,
  • մշակեն ընտրված մոդուլը (դասավանդման եւ ուսումնառության նյութեր)՝ հայերենով, ընդ որում, այս գործողությունը վճարվելու է,
  • ծրագրի ավարտից հետո տվյալ մոդուլի շրջանակում իրականացնեն վերապատրաստումներ նախագծվող ՀԱԱՀ Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնում։

Հետաքրքրվա՞ծ եք։ Այդ դեպքում խնդրում ենք ներքոհիշյալ փաստաթղթերը մինչեւ ս/թ ապրիլի 8-ը ներառյալ ուղարկել նախագծի համակարգող, ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected])․

  • հայերենով նամակ-հիմնավորում, որտեղ պետք է նշված լինի հետեւյալը․ ինչ մոդուլներ եք նախընտրում (նշել մեկը՝ որպես հիմնական, եւ երկրորդը՝ որպես այլընտրանք)․ ինչու եք հենց այս մոդուլները նախընտրում․ տվյալ մոդուլների շրջանակում ունեցած նախկին փորձը․ կրթական ծրագրեր մշակելու փորձը եւ ցանկացած այլ տեղեկություն, որ կարծում եք, որ մեզ կհետաքրքրի (եղեք յուրօրինակ եւ ստեղծարար)։
  • ինքնակենսագրություն (անգլերենով եւ Europass ձեւաչափով)։

Հարցերի դեպքում խնդրում ենք այցելել ՄԿԴ կամ գրել վերհիշյալ էլհասցեով։

Հավելյալ տեղեկություններ ծրագրի մասին (https://anau.am/visegrad/)

Գլխավոր համակարգողը ՀԱԱՀ-ն է, իսկ գործընկերներն են՝

Ծրագրի նպատակն է V4 գործընկեր համալսարանների աջակցությամբ ՀԱԱՀ-ում հիմնել Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության ընթացքում տարբեր մոդուլների դասավանդմամբ, փափուկ հմտությունների զարգացման եւ կատարելագործման միջոցով, աշխատաշուկայում ուսանողների եւ առկա մասնագետների մրցունակությունը բարձրացնելու նպատակով։ Ծրագրի իրականացման ժամկետն է` 01/01/2022–30/06/2023: Այս նախագծի նորարարական բնույթն այն է, որ ՀԱԱՀ-ում առաջին անգամ կստեղծվեն համապատասխան գործիքներ, որոնք կապահովեն ուսանողների փափուկ հմտությունների ձեւավորման եւ զարգացման կայունությունը: Սա ՀԱԱՀ-ում առաջին նախագիծն է, որի հիմնական նպատակը մարդկային եւ ոչ մարդկային ռեսուրսներով անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացումն է՝ ապահովելու ուսանողների փափուկ հմտությունների զարգացման կայունությունը:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարություններից` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի Վիշեգրադի դրամաշնորհների միջոցով: Հիմնադրամի առաքելությունն է Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջմղումը: