Մարտի 23-24-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը հյուրընկալել էր «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի մեկնարկային հանդիպումը, որ կազմակերպել էր նախագծի գլխավոր համադրող, ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Նախագիծը ֆինանսավորում են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները՝ Վիշեգրադի հիմնադրամի դրամաշնորհի միջոցով։
Բացելով հանդիպումը, պարոն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ եվրոպական երեք համալսարանների պատվիրակներին, որոնք Հայաստան էին ժամանել՝ որոշակի դժվարություններ հաղթահարելով։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջունելով մասնակիցներին, կարեւոր համարեց փափուկ հմտությունների զարգացումը կրթական գործունեության ոլորտում, որոնք անչափ բարձր է գնահատում այսօրվա գործատուն։ Պատահական չէ, որ Ագրարային համալսարանում, մասնագիտական գիտելիքներին ու հմտություններին զուգահեռ, շատ լուրջ ուշադրություն է դարձվում այսօրվա աշխատաշուկայի առաջնային պահանջ դարձած՝ հաղորդակցական հմտություններին եւ անձնային որակներին։ Այնուհետեւ ՄԿԴ փորձագետ Սուսաննա Հայրապետյանը հանդես եկավ ՀԱԱՀ-ի մասին պատմող ակնարկով։
Հանդիպման առաջին օրվա բուն օրակարգը սկսեց Հունգարիայի գյուղատնտեսության եւ կենսագիտության համալսարանի (MATE) Գյուղատնտեսության կառավարման եւ առաջնորդության գիտության դեպարտամենտի նախագծի ղեկավար Ռուդնակ Իլդիգոն՝ հանդես գալով իր համալսարանի կրթական հնարավորությունների, մասնավորապես միջազգային կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախագծերի մասին պատմող ներկայացմամբ։ Ի դեպ, այս համալսարանն ունի ավելի քան 2300 միջազգային ուսանող՝ 102 երկրից։
Համանման ներկայացումներով հանդես եկան Հարավային Բոհեմիայի համալսարանի (Չեխիայի Հանրապետություն) նախագծի փորձագետ Ալյոնա Չարվաշովան եւ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի Միջազգային ծրագրերի կենտրոնի բաժնի վարիչ, նախագծի փորձագետ Նորբերտ Ֆլորիսը։ Երեք համալսարաններն էլ, ըստ էության, նոր գործընկերներ են մեզ համար եւ երեքն էլ շարժունության, համատեղ հետազոտությունների եւ գործակցության մի շարք այլ հեռանկարային հնարավորություններ ունեն։
Փափուկ հմտությունների վերաբերյալ ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի՝ վերջերս կատարած ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը։ ՀԱԱՀ ուսանողների եւ դասախոսների շրջանում անցկացված ուսումնասիրությունը հետաքրքիր եւ ուսանելի (ինչպես պարզվեց՝ նաեւ արտերկրի մեր գործընկերների համար) արդյունքներ է արձանագրել, որոնք Կարիերայի բաժինը հաշվի կառնի ուսանողների շրջանում փափուկ հմտությունների արմատավորման հետագա գործընթացում։
Հանդիպման երկրորդ օրը նվիրված էր թեմայի վերաբերյալ առցանց վերապատրաստումների կազմակերպմանը վերոնշյալ եվրոպական գործընկեր համալսարաններում, ինչպես նաեւ փափուկ հմտությունների թեմաներով 5 մոդուլի ստեղծմանը եւ իրականացմանը։
Հանդիպման օրակարգից դուրս Գարեգին Համբարձումյանը յուրօրինակ եւ անսպասելի մշակութային միջոցառում էր նախատեսել հյուրերի համար․ նրանք Հայաստանից եւ Ագրարային համալսարանից իրենց հետ տանելու համար սեփական ձեռքով հուշանվեր շոկոլադներ պատրաստեցին ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում, անշուշտ՝ տիկին Գայանեի հակիրճ վարպետաց դասից հետո։