Փափուկ հմտությունները կօգնեն ճիշտ տեղից սկսել աշխատանքային կարիերան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացված «Փափուկ հմտություններ – անձնային աճ․ կարիերայի պլանավորում եւ կառավարում» թեմայով վերապատրաստման ծրագրի մասնակիցները ապրիլի 2-ին ստացան ավարտական հավաստագրերը։

Աշխատաշուկայում Ագրարային համալսարանի շրջանավարտների մրցունակության բարձրացմանը եւ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտներում աշխատանք գտնելուն միտված դասընթացի շրջանավարտներին ողջունեցին եւ ավարտական հավաստագրեր հանձնեցին պրոռեկտորներ Մարիամ Մովսիսյանը եւ Հրաչյա Զաքոյանը։ Ագրարային համալսարանն այս պատեհ հնարավորությունն իր ուսանողների եւ շրջանավարտների համար ստեղծում է, ինչպես նշեց տիկին Մովսիսյանը՝ նաեւ մասնագետների սերունդների հաջորդական կապն ապահովելու նկատառումով։ Պրոռեկտորները շնորհակալություն հայտնեցին համագործակցության կողմերին, ծրագրի պատասխանատու Տիգրան Հախնազարյանին եւ դասընթացավար Վարուժան Ավանեսյանին։

Ցուցադրվեց տեսաֆիլմ, որը բովանդակում էր մասնակիցների գնահատականները դասընթացի ժամանակ յուրացրած նոր գիտելիքների, հմտությունների եւ հետաքրքիր փորձառության մասին։ «Միջինացված» արձագանքն այն էր, որ լսարանը առարկայականորեն հասկացել է աշխատաշուկայում մասնագիտականից ոչ պակաս կարեւոր հաղորդակցական հմտությունների անհրաժեշտությունը, եւ որ իրենք այժմ ավելի պատրաստ են աշխատանքային կարիերան «ճիշտ կետից» սկսելուն։