Փափուկ հմտությունները ոչ մասնագիտական, բայց բոլոր մասնագիտություններին առնչվող հմտություններն են, առանց որոնց իրեն հարգող գործատուն այսօր այլեւս չի պատկերացնում աշխատակիցների եւ իր «համատեղ կյանքը»:
Գնալով ավելի հրատապ դարձող թեման չէր կարող Ագրարային համալսարանում համարժեք վերաբերմունքի չարժանանալ: ՀԱԱՀ-ն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի եւ Civitta Հայաստանի հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, իրականացնում է «Փափուկ հմտություններ – անձնային աճ, կարիերայի պլանավորում եւ կառավարում» թեմայով վերապատրաստման ծրագիրը: Ծրագրի պատասխանատուն եւ հմուտ կազմակերպիչը համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ եւ մի շարք միջազգային կառույցների երկարամյա փորձագետ Տիգրան Հախնազարյանն է:
ՀԱԱՀ ուսանողների համար մարտի 11-ին անցկացված հերթական դասընթացը վերաբերում էր աշխատանքի համար դիմելու փաստաթղթերի կազմման եւ հարցազրույցների մասնակցության հմտություններին: Բանախոսը քաղհասարակության զարգացման եւ շարունակական կրթության եւ հարակից ոլորտների փորձառու մասնագետ Վարուժան Ավանեսյանն է:
Մեր կյանքի անբաժան մասը դարձած, բայց դեռեւս «նորաձեւ» թեման պարոն Ավանեսյանը ներկայացնում է վարպետորեն, բառացիորեն աշխարհի ու Հայաստանի փորձն ու գործելակերպերը սեփական հարուստ կենսափորձի պրիզմայով անցկացնելով, առանց անկենդան կաղապարների, առանց ավելորդ ու շուտ մոռացվող բառերի ու արտահայտությունների, նպատակային եւ գրագետ ուղղորդումներով, լասարանի հետ «համատեղ» հայտնագործումներով: Այս ամենը վստահաբար փոխեցին աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ ոչ մասնագիտական գիտելիքների ու հմտությունների վերաբերյալ ներկաների պատկերացումները, ուստի նաեւ՝ նպատակադրումները:
Ի դեպ, հաջորդ դասընթացի համար դիմելու վերջնաժամկետը վաղն է՝ մարտի 15-ը: Դիմել կարելի է այս հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdMxEnsQMzm5XZOvVxNvyHM3Aw6BTo_YftBEDTTZfNkLrT_5w/viewform?fbclid=IwAR0ILufbCF4tipjEutqrxGKhb485UeoRw5FhUZGxaUowswBOEn2-AfIibYc :