Օրգանական գյուղատնտեսություն, դրվագ 2․ ավստրիացի գործընկերները դարձյալ ՀԱԱՀ-ում են

Մայիսի 15-19-ը Ավստրիայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանից (BOKU) Միլենա Կլիմեկը եւ Հասմիկ Հովակիմյանը Ագրարային համալսարանում էին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել Օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագիրը եւ համալսարանի Ակունքի ուսումնափորձնական տնտեսությունը դարձնել ուսանողական ֆերմերային տնտեսության օրինակ։ Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ եւ քննարկումներ ֆոկուս խմբերի՝ ուսանողների, դասախոսների, շահառուների եւ ամբիոնների վարիչների մասնակցությամբ։

BOKU-ի ներկայացուցիչները միացան տեղի իրենց գործընկերներին եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում հաճույքով մասնակցեցին օրգանական հացի թխման գործընթացին։

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագրի՝ 2017-2020 թթ․ իրականացված առաջին փուլի գլխավոր արդյունքը Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի ստեղծումն էր։ Երկրորդ հիմնական նպատակը ՀԱԱՀ-ի եւ ընդհանրապես հայաստանյան օրգանական գյուղատնտեսության հանրության կարողությունների զարգացումն էր, որ շարունակական գործընթաց է։

Այսօր հստակ տեսանելի է այդ գործընթացի հեռանկարը՝ օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի (սեպտեմբերից կմեկնարկի նաեւ համապատասխան բակալավրիական ծրագիրը), մեր ավստրիական գործընկերների աջակցության եւ ոլորտի զարգացմանը միտված ՀԱԱՀ նոր լաբորատորիաների շնորհիվ։