Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսեցիները երեկ՝ փետրվարի 14-ին, ինքնուրույն աշխատանքներ էին ներկայացնում Օրգանական գինեգործություն առարկայից: Դասախոսը՝ Արմեն Սոլոմոնյանը, կուրսը բաժանել էր հինգհոգանոց խմբերի, եւ հենց սկզբից շեշտենք, որ երիտասարդները հրաշալի-օրինակելի թիմային աշխատանք էին կատարել:
21-րդ դարի առաջին տասնամյակից ԵՄ-ն որոշումներով հստակեցրել է օրգանական խաղողագործության եւ գինեգործության բնութագրերն ու դրանց ներկայացվող պահանջները: Այսօր մեր երկրում նկատելի քայլեր են կատարվում այս ուղղությամբ, իսկ արտերկրի գերազանց փորձը ուսումնասիրելը միայն կարող է օժանդակել, որ ճիշտ ընթանանք:
Պորտուգալիա, Իտալիա, Չիլի…, եթե առաջին երկուսի փորձը մեզ լավ հայտնի է, ավելին, հենց այս կուրսի ուսանողուհի Ալլա Պողոսյանը Էրասմուս+ ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ հնարավորություն է ունեցել սովորելու Պորտուգալիայում, ապա երրորդը՝ Չիլին, ունկնդիրներից շատերի համար անհայտ-անծանոթ էր:
Ընդհանուր առմամբ հետաքրքիր էին բոլոր աշխատանքները, մատուցումը՝ գերազանց, ցուցադրական սահիկներով ուղեկցվող:
Քանի որ հեռակա համակարգի կուրս է եւ շատերն արդեն աշխատում են մասնագիտությամբ, ոմանք սեփական գործն են սկսում, ու փորձում են ստեղծել օրգանական գինիներ: Համտեսեցինք Հրաչյայի գինին: Լավն էր…