Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ մեր գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողների համար անցկացվել է մասնագիտական առցանց հանդիպումների շարք։
«Նորագույն տեխնոլոգիաները որպես ջերմատնային տնտեսություններում բարձր բերք ստանալու երաշխիք» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ․ գ․ թ․ Նաիրա Գասպարյանը: Բանախոսն անդրադարձել է ջերմատների դասակարգմանն ըստ շահագործման եւ կառուցման հատկանիշների, նշանակության, սեզոնայնության, դրանցում մշակվող մշակաբույսերի տեխնոլոգիայի եւ տաքացման եղանակի։
«Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող սննդի հիգիենայի պահանջները» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարեգին Համբարձումյանը՝ անդրադառնալով հանրային սննդի կազմակերպությունների կառուցմանը, տեղակայմանը, ջրամատակարարման հիգիենիկ պահանջներին եւ այլն։ Դասախոսությունն ավարտվել է քննարկումներով:
«Կենդանիների այլընտրանքային կերակրում» թեմայով դասընթացը վարել է ՀԱԱՀ-ի անասնաբուծության ամբիոնի դոցենտ, գ․ գ․ թ․, դոցենտ, «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության ֆերմայի վարիչ Արեւիկ Ազիզյանը։ Բանախոսն ապագա գյուղատնտեսներին նեկայացրել է կենդանիների կերատեսակների ընդհանուր բնութագիրը եւ դրանց դասակարգման սկզբունքները։ Այս դասախոսությունը եւս ավարտվել է քննարկումներով:
Շուշեցի ուսանողների համար դասախոսություններն ու քննարկումները ուսանելի եւ արդյունավետ են եղել։