Այսօր՝ ապրիլի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Ճանաչողական հանդիպմանը մասնակցում էին նաեւ դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը եւ ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։
Ռեկտոր Ուռուտյանը դեսպան Սխերմերսին ներկայացրեց Ագրարային համալսարանը ագրոտեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի փոխակերպման ճանապարհին իրականացված կառուցվածքային, ուսումնաբովանդակային, ենթակառուցվածքային բարեփոխումների գոհացուցիչ ընթացքը։ Գլխավոր մարտահրավերների մասին դեսպանի հարցին ի պատասխան ռեկտոր Ուռուտյանը նշեց ագրարային մասնագիտությունները երիտասարդության համար գրավիչ դարձելը եւ դասախոսական անձնակազմի վերապատրաստումը․ երկու ուղղությամբ էլ համալսարանում գործուն եւ բավականին արդյունավետ ջանքեր են գործադրվում։
Դեսպանն ու ռեկտորը համերաշխ էին այն հարցում, որ ժամանակակից գործարար եւ ստարտափ հանրությունը, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում գործող, մեծապես «կառուցվում են» համալսարանների շուրջը։ Այս առումով Ագրարայինին օգնում են միջազգային կապերը, ներառյալ՝ նիդերլանդական համալսարանները (Վախենինգեն, Ռադբաուդ եւ այլն)։ Ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերի ակտիվացումը, դեսպան Սխերմերսի կարծիքով, կարող է հանգեցնել արդյունավետ կառուցվածքային համագործակցության, իր խոսքով՝ սկսելով «ներքեւից վերեւ» մոտեցումից եւ շարունակելով համատեղ աշխատանքը «վերեւից ներքեւ»։
Համագործակցության կարեւոր ուղղություններից մեկը, ռեկտոր Ուռուտյանի առաջարկով, կարող է լինել կանաչ տեխնոլոգիաների, ճշգրիտ գյուղատնտեսության, ուղղահայաց գյուղատնտեսության, շրջանային տնտեսության ուղղություններով նիդերլանդական առաջատար համալսարանների հետ կապերի ստեղծումը։ Մեկ այլ ուղղություն է նիդերլանդական համալսարանների հետ միջազգային գիտահետազոտական դրամաշնորհային նախագծերի իրականացումը եւ այլն։ Առաջարկներն արժանացան դեսպանի դրական արձագանքին եւ պոտենցիալ կապերի ստեղծման գործում աջակցելու պատրաստակամությանը։
Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը ռեկտոր Ուռուտյանին շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ Ագրարային համալսարանի հետ համագործակցության հնարավորությունների մասին հայեցակարգային համապարփակ տեղեկատվության համար։ Հրաժեշտից առաջ պարոն Ուռուտյանը դեսպան Սխերմերսին նվիրեց համալսարանի «Սերունդ ռեզերվ» գինին։