Նախնական եւ միջին մասնագիտական կրթության՝ առանց խտրականության, հավասար պայմաններով իրավունք պետք է ունենան բոլորը, անկախ ֆիզիկական, մտավոր, հոգեբանական մեծ ու փոքր խնդիրներից: Դրանք բոլորը հաղթահարելի են, եթե ծնողը-ուսուցիչը-մանկավարժը, անհրաժեշտության դեպքում նաեւ հոգեբանը բանիմաց են եւ համատեղ ու գրագետ են գործում:
Ներառական կրթության նուրբ ու զգայուն հարցերը ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում դասավանդողները երեկ քննարկեցին Երեւանի համար չորս մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների հետ: Քննարկումը ըստ էության էր, որովհետեւ կան լուծման կարոտ խնդիրներ, որոնք երբեմն մանրուք են թվում: Բայց կրթության ու դաստիարակության հարցում մանրուքներ ու երկրորդական հարցեր չկան:
Ընդհանրապես, լսարանում ամեն սանի հանդեպ պետք է կարողանանք ճկուն, անհատական մոտեցում ցուցաբերել: Պետք է կարողանանք ազատվել կաղապարներից ու պատրաստի բաղադրատոմսերից: Դրանք չեն գործում…
Այս հարցերի նկատմամբ աշխարհն ավելի զգայուն դարձավ անցյալ դարի 90-ականներից, երբ ՄԱԿ-ը համապատասխան բանաձեւեր ընդունեց: Հայաստանը միացավ այդ փիլիսոփայությանը 2005-ին:
Մեր հյուրերը խոստացան, որ համագործակցությունը շարունակական կլինի եւ միշտ կարող ենք ապավինել նրանց մասնագիտական աջակցությանը: