Միջֆակուլտետային խաղեր. մշակութային երկու հագեցած օր

Երկրորդ կիսամյակի հենց սկզբից բուռն հագեցած էր բուհական կյանքը: Ուսխորհրդի նախաձեռնած Միջֆակուլտետային խաղերի շրջանակում սկզբում մեկնարկեցին մարզական, հետո՝ ինտելեկտուալ մրցամարտերը, մարտի 2-3-ին մշակութային փուլն էր՝ երգ, պար, մանրապատումներ եւ ասմունք:

Եղան հաղթողներ, գավաթակիրներ, բայց համաձայնեք՝ մշակութային երկու օրն արդեն հաղթանակ է, հաղթանակ առօրեականի, ձանձրույթի, անիմաստ վատնած ժամանակի նկատմամբ:

Մշակութային օրերն անցան, ու մնացին հայտնագործություն-անմոռանալի կերպարները՝ վարժարանցի Լեւոնը, ագրոնոմիականից Մարիան, տեխնոլոգ Վանիկը, քոլեջից՝ Անին: Բոլոր-բոլորը: Իսկ անասնաբուժականից Մաշան վաղուց եւ հիմնովին է նվաճել ագրարայինցիների սրտերը:

Նկատենք, որ խաղերին հատկապես լավ էին պատրաստվել վարժարանի, քոլեջի եւ տեխնոլոգիական ֆակուլտետի սաները: Ի մասնավորի՝ նորություն էին մանրապատումները՝ նվիրված բոլորիս հուզող թեմաների, որոնք մատուցվում էին երիտասարդական ռոմանտիզմով շաղախված ու պատճառ էին դառնում ավագ սերնդի կարոտախտային հաճելի թմբիրի համար: Շատ առինքնող էր:

Երկօրյա հետաքրքիր ծրագիրն ամփոփելիս ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին եւ բարձր գնահատեց, որ ուսումնական գործընթացից զատ այլ՝ մշակութային հետաքրքրություններ եւս ունեն: