Միջազգային կապերի դեպարտամենտն ամփոփում է 2022-23 ուսումնական տարին

Միջազգային կապերի դեպարտամենտը 2022-23 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել է վերջին տարիների թերեւս առավելագույն միջազգային շարժունությունները աշխատակիցների եւ ուսանողների շրջանում։ Բացի Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրից, ՄԿԴ-ն ակտիվորեն ներգրավվել է կարողությունների զարգացման ծրագրերում եւս՝ ապահովելով ՀԱԱՀ-ի միջազգայնացումը տարբեր հարթակներում։

Էրազմուս+ ՀԳ1-ի շրջանակում 2022-23 ուստարվա ընթացքում ՄԿԴ-ն համագործակցել է եւրոպական 10-ից ավելի երկրների 35 համալսարանների հետ։ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շնորհիվ ՀԱԱՀ 87 աշխատակիցներ վերապատրաստվել կամ դասավանդել են ԵՄ տարբեր համալսարաններում։ ՀԱԱՀ 25 աշխատակից մեկնել է հունական չորս համալսարաններից բաղկացած (Պիրեուսի, Աթենքի ազգային տեխնիկական, Թրակիայի Դեմոկրիտուս, Կրետեի համալսարաններ) կոնսորցիումի տարբեր համալսարաններ՝ վերապատրաստվելու նպատակով, 12 աշխատակից այցելել է Տուշայի համալսարան (Իտալիա) եւ մասնակցել միջազգային շաբաթին, 7 աշխատակից իրականացրել է շարժունություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում (Հունաստան), իսկ ՀԱԱՀ 8 ուսանող հնարավորություն է ունեցել ուսումը շարունակել Հունաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Լեհաստանի տարբեր համալսարաններում։

2022-23 ուստարվա ընթացքում ՀԱԱՀ-ն Էրազմուս+ ՀԳ1 ծրագրով հյուրընկալել է 30 աշխատակիցների ԵՄ տարբեր համալսարաններից, որոնք հնարավորություն ունեցան վերապատրաստվել կամ դասավանդել ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներում։

2022 թ․ հոկտեմբերին ՄԿԴ-ն ամփոփեց 2015-21 թթ․ Էրազմուս+-ի շարժունության արդյունքները, որն ամբողջականացվեց առցանց հարթակում հասանելի ինտերակտիվ ֆլիպբուքում։ ՄԿԴ-ն միակն էր ՀՀ բուհերի միջազգային բաժինների շարքում, որ իրականացրեց նման հետաքրքիր վերլուծություն։ Դրա ադյունքներն այնուհետեւ զեկուցվեցին տեղական եւ միջազգային տարբեր հանդիպումների ժամանակ։

Ինչպես արդեն նշվել է, 2022-23 թթ․ ՀԱԱՀ-ն համագործակցել է նաեւ գործող եւ նոր Էրազմուս+ ՀԳ2 ծրագրերի շրջանակում եւս։ Էրազմուս+ ՀԳ2 SMARTI նախագծի շրջանակում ծրագրի անդամները վերապատրաստվեցին Մեծ Բրիտանիայում, իսկ GeoTAK նախագծի շրջանակում՝ Շվեդիայում, Ղրղզստանում, Իսպանիայում, Բելգիայում։

2023 թ․-ի ՄԿԴ-ի թերեւս ամենամեծ ձեռքբերումներից է Էրազմուս+ ՀԳ2 «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) նախագծի մեկնարկը եւ իրականացումը։ Միայն 2023 թ-ի ընթացքում ծրագրի շրջանակում իրականացվել է եւրոպական 30-ից ավելի համալսարանի հետ հենանիշավորում (բենչմարկինգ), որի հիման վրա մշակվել է նոր կրթական ծրագիր, կայացել են կարեւոր աշխատանքային հանդիպումներ Երեւանում եւ Սլովակիայի գյուղանտեսական համալսարանում։ Հիշեցնենք, որ ՀԱԱՀ-ն AFISHE նախագծի նախաձեռնողն ու համակագողն է։

2023 թ․-ի մյուս կարեւոր ձեռքբերումն էր Visegrad+ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի հաջող ամփոփումը եւ Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի պաշտոնական բացումը ՀԱԱՀ-ում։ Մայիսին կայացած ավարտական հանդիպման ժամանակ ՀԱԱՀ-ն կրկին հյուրընկալեց նախագծի եւրոպական գործընկերներին Չեխիայից, Հունգարիայից եւ Սլովակիայից, որոնք մասնակցեցին վերոհիշյալ կենտրոնի բացմանն ու նախագծի ավարտական հաշվետվության նախապատրաստական աշխատանքներին։ Հավելենք, որ ի թիվս այլ հյուրերի, կենտրոնի բացմանը մասնակցեցին նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ու Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները։

2022-23 ուստարվա ավարտին ՀԱԱՀ-ն ստացավ եւս երկու կարեւոր լուր․ մեր համալսարանը կընդգրկվի երկու նոր՝ Էրազմուս+ կարողություններին միտված նախագծերում, որոնցից մեկը նախատեսված է միջին մասնագիտական կրթական մակարդակի համար։ Նշենք, որ սա կլինի առաջին համանման նախագիծը մեր համալսարանի համար։

Ամփոփելով 2022-23 ուստարին, ՄԿԴ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր միջազգային գործընկերներին՝ վստահության եւ համագործակցության համար, ինչպես նաեւ ՀԱԱՀ այն ուսանողներին եւ աշխատակիցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են միջազգային ծրագրերին ու իրենց ներդրումն են ունենում ՀԱԱՀ կարողությունների զարգացման գործում։

Միջազգային կապերի դեպարտամենտ