Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ հայաստանյան գրասենյակը դեռ մարտ ամսին նախատեսել էր Հայաստանում և Վրաստանում անցկացնել բուհերի միջազգայնացմանն ուղղված վերապատրաստումներ, հարդյունս որի մասնակիցները ձեռք կբերեին ամերիկյան փորձի վրա հիմնված անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ բուհերի միջազգայնացման առանձնահատկությունների, միջազգայնացմանն ուղղված ռազմավարական պլանների մշակման և համանման այլ հարցերի վերաբերյալ։ Նախատեսված հիմնական վերջնարդյունքներից էր նաև հայաստանյան և վրաստանյան բուհերի միջև սերտ համագործակցության ստեղծումն ու ամերիկյան բուհերի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման խթանումը։ Սակայն հայտնի պատճառներով հանդիպումները չեղարկվել են և որոշվել է վերապատրաստումն իրականացել վիրտուալ հարթակում։
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 18-ին վիրտուալ հարթակում կայացավ առաջին տեսախորհրդաժողովը, որին մասնակցեցին հայաստանյան և վրաստանյան բուհերի ներկայացուցիչներ։ Հանդիպման գլխավոր մոդերատորը Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների նորարարության և կարողությունների զարգացման ծրագրային ղեկավար Ադրիան Էրլինգերն էր։
ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեցին Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը և Որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը, որոնք մասնակցում են վերոհիշյալ վերապատրաստմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ICARE-ի մեր գործընկերներ Սուսաննա Մեջլումյանն ու Աստղիկ Սահակյանը։
Թեման արդիական էր՝ Միջազգային կրթությունը COVID-19-ից հետո։ Քննարկման հիմնական հարցերն էին՝ առցանց ուսուցում և դասավանդում, ուսանողների շարժունության նորարարություններ, հետազոտական աշխատանքների կազմակերպում։ Մասնակիցները միմյանց հաղորդակից դարձրեցին իրենց փորձին, ներկայացրեցին նոր իրավիճակում իրենց բուհերում համալսարանական կրթության և գիտության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերը, նշեցին այն մարտահրավերները, որոնք ստիպված են եղել հաղթահարել կամ դեռ պետք է հաղթահարեն և հարակից շատ այլ հարցեր։
«Մեկ բան պարզ էր. COVID-19-ի հետևանքով ստեղծված սահմանափակումներն առնչվում են բոլորին և բոլոր բուհերը պետք է ունենան ռազմավարական պլան՝ հետագայում համանման իրավիճակներում արդյունավետ գործելու համար», – ասում է Գարեգին Համբարձումյանը։
Տեսախորհրդաժողովի ընթացքում պարոն Համբարձումյանն ու տիկին Մովսիսյանը ներկայացրեցին ՀԱԱՀ-ում իրականացված այն փոփոխություններն ու նորամուծությունները, որոնք օգնեցին ուսումնական գործընթացի նորովի կազմակերպմանն ու իրականացմանը։
Մասնակիցները փաստեցին, որ սահմանափակումներն ամենաշատն ազդել են միջազգային ծրագրերի իրականացման և հատկապես շարժունությունների ապահովման վրա։
Քննարկվեցին նաև վիրտուալ շարժունության առանձնահատկությունները, որը կարող է այլընտրանք հանդիսանալ համանման պայմաններում շարժունության ապահովման համար, որը, սակայն, լիովին չի կարող բավարարել այն բոլոր պահանջները, որոնք սովորաբար կապված են շարժունության գաղափարի և վերջնաարդյունքների հետ, նշում է պարոն Համբարձումյանը։