Ապրիլի 22-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետներում ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների կատարման ընթացքին, նյութատեխնիկական ապահովվածությանը եւ խնդիրներին։
Երեք ֆակուլտետների դեկանները ներկայացրեցին ընթացիկ իրավիճակը եւ նախանշեցին առաջիկա անելիքները՝ առանձնացնելով յուրաքանչյուր ֆակուլտետի շրջանակում շարունակվող բարեփոխումներն ու դրանց իրականացման ճանապարհին ի հայտ եկող խոչընդոտները։ Վեր հանվեցին ու գնահատվեցին ոչ միայն ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների կատարմանն ու նյութատեխնիկական ապահովվածությանն առնչվող, այլեւ դրանց փոխշաղկապված՝ հրապարակումների, ուսանողների ինքնուրույն աշխատանքների գնահատման համակարգի, ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդների՝ հունի մեջ մտնող գործունեության, դասախոսների վերապատրաստման, նոր համակարգիչների ու ծրագրակազմերի, հարկաբաժինների որաշակի վերանորոգման անհրաժեշտության եւ հարակից խնդիրներ։
Ուսանողների ինքնուրույն աշխատանքների վերաբերյալ ծավալված բավականին բուռն քննարկումն ի վերջո հանգեցրեց գիտխորհրդի հաջորդ նիստում հանգամանալից քննարկման համար առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի եւ գիտխորհրդի մի քանի անդամների առաջարկին։ Ամեն դեպքում պարոն Զաքոյանը ներկայացրեց համալսարանի ղեկավարության հստակ դիրքորոշումը՝ ձեւական մոտեցման բացառում, ինքնուրույն աշխատանք կատարելու եւ այն ներկայացնելու կարողություն։ Առհասարակ եւ մասնավորապես ծրագրային հավատարմագրման տեսակետից մեր աշխատանքի վերջնարդյունքը մասնագետ շրջանավարտն է, ուստիեւ՝ այնպիսի միջավայրի ստեղծումը, որը ոչ թե կկաշկանդի ուսանողին, այլ կմղի ձգտել առաջադիմության՝ ասաց պարոն Զաքոյանը։