Միջամբիոնային համագործակցություն. ԴՆԹ-ի մոլեկուլները ժառանգականության կրող ու փոխանցող

Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնն այսօր՝ մարտի 1-ին, հյուրընկալել էր Համաճարակաբանության եւ մակաբուծաբանության ամբիոնի գործընկերներին: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Բադալյանը նախ ներկայացրեց «Պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ)» թեմայի տեսական մասը:

1869 թվականին շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը հայտնաբերեց, որ բոլոր օրգանիզմների բջիջները պարունակում են նուկլեինաթթուներ՝ ժառանգականության համար պատասխանատու նյութեր, ԴՆԹ եւ ՌՆԹ բաղադրիչներով: Սա կենսաբանական մտքի մեծագույն նվաճումներից էր, որ այսօր էլ գիտահետազոտական հիմնարար ուսումնասիրությունների անկյունաքարն է: Գենետիկոսների, անասնաբույծ-անասնաբույժների, հանրային առողջության հարցերով զբաղվողների ամենաժամանակակից եւ կարեւոր «գործիքներից» է այս ոլորտի ուսումնասիրություն իրականացնելը:

Բանախոսությունից հետո ներկաները ուսումնական կարճ ֆիլմ դիտեցին, ապա անցան լաբորատոր հետազոտությունների:

Շուրջ երկու տարի է, ինչ մեր համալսարանն ունի ժամանակակից սարքավորումներով զինված Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիա, որտեղ էլ երկու ամբիոնի դասախոսները տեսական մասից հետո անցան գործնական ուսումնասիրությունների իրականացմանը:

Այս համատեղ գիտագործնական, օրինակելի աշխատանքը կշարունակվի եւս երկու օր: